Վենեսուելայի մի շարք շրջաններում դեկտեմբերի 16-ին սկսվել են զանգվածային բողոքներ ու անկարգություններ։ Մարդիկ վրդովված են կանխիկ գումարի պակասից, որի պատճառը խոշորագույն թղթադրամը շրջանառությունից հանելու մասին սոցիալիստական կառավարության որոշումն է, հայտնում է DW–ն։
Թալանվել են տասնյակ խանութներ։ Ընդդիմադիր պատգամավորներից մեկի խոսքով՝ Էլ Կալյաո քաղաքում անկարգությունների հետեւանքով երեք մարդ է զոհվել։ Կառավարությունը, սակայն, չի հաստատել այդ տեղեկությունը։ Հարձակման են ենթարկվել նաեւ երկու բանկ։
Ամբողջ Վենեսուելայում ցուցարարները, թափահարելով արժեզրկված 100 բոլիվեր անվանական արժեքով թղթադրամները, փակում էին ճանապարհները, նրանք պահանջում էին որ խանութները ընդունեն կանխիկ գումար ու անիծում էին երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին։ Կարակասում հազարավոր մարդիկ են հերթ կանգնել ԿԲ շենքի մոտ, որպեսզի հասցնեն մինչեւ դեկտեմբերի 20-ը փոխանակել շրջանառությունից հանված թղթադրամները։





























