ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնն ստանձնում է բարդ արտաքին քաղաքական մթնոլորտում, եւ նա պետք է լուրջ ջանքեր գործադրի թուլացնելու համար գերտերությունների միջեւ դիմակայության սրացման վտանգը։
The National Interest-ի վերլուծաբան Ռոբերտ Ֆարլին թվարկել է առավել վտանգավոր «թեժ կետերը», որտեղ հնարավոր են զինված հակամարտություններ։
Նրա կարծիքով, առաջին հերթին մեծ է մնում Կորեական թերակղզում ռազմական բախման ռիսկը։ Դա կապված է ոչ միայն նրա հետ, որ Հյուսիսային կորեան շարունակում է զարգացնել իր միջուկային եւ հրթիռային պոտենցիալը, այլեւ Հարավային Կորեայում քաղաքական ճգնաժամի հետ։ ԱՄՆ նոր նախագահի որոշումը՝ վերջ տալ Հյուսիսային Կորեայի միջուկային զենքին կանխարգելիչ հարվածներով, կամ Փհենյանի ձգտումը՝ առաջինը հարվածել ամերիկացիներին, կարող է վերաճել լայնամասշտաբ ռազմական հակամարտության։
Հաջորդ «թեժ կետը» քաղաքացիական պատերազմում գտնվող Սիրիան է, որտեղ բացառված չէ պատահական բախումը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի զինված ուժերի միջեւ, օրինակ սխալմամբ ավիահարված հասցնելու հետեւանքով։ Բացի այդ, իրավիճակը բարդացնում է երկրում բազմաթիվ հակամարտող զինված խմբերի առկայությունը։
Բացի Սիրիայից, եւս մեկ «թեժ կետ» է համարվում Պակիստան-Հնդկաստան սահմանը։ Թրամփը, որը Պակիստանի վարչապետի հետ հեռախոսազրույցում առաջարկել է Հնդկաստանի հետ համակարտության մեջ միջնորդի դեր ստանձնել, կարող է էլ ավելի խորացնել իրավիճակը, գրում է հեղինակը։ Եթե Հնդկաստանն ու Պակիստանը պատերազմի մեջ ներքաշվեն, նույնը կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ։
Հոդվածի հեղինակը վտանգավոր է համարում նաեւ Բալթյան երկրներում ստեղծված իրավիճակը, որտեղ կարող է դիմակայություն առաջանալ Վաշինգթոնի եւ Մոսկվայի միջեւ։ Նրա կարծիքով, այն, որ Թրամփը հարցականի տակ է դրել ՆԱՏՕ-ի եվրոպական անդամների պաշտպանության անհրաժեշտությունը, որոնք չեն կատարում ֆինանսական պարտավորությունները կառույցի նկատմամբ, կարող են ունենալ թե դրական հետեւանքներ՝ ռուս-ամերիկյան լարվածությունը թուլացնելու առումով, թե բացասական հետեւաններ՝ սպառնալով ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ նոր հակամարտությամբ։
Եվ վերջապես, NI-ն գրում է, որ գերտերությունների միջեւ լայնամասշտաբ պատերազմ կարող է ծավալվել կիբերտարածություններում։ Դրա վկայությունն են ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության վերաբերյալ սկանդալը։





























