Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավիդօղլուն գալիք շաբաթվա սկզբին կարող է այցելել Վրաստան։ Այս մասին, ինչպես հաղորդում է Reuters-ը, հայտնել է թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական անանուն ներկայացուցիչը։

Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, Թուրքիայի արտգործնախարարի այցը պայմանավորված է թուրքական Buket բեռնանավի կապիտանի գործով, որը վրացական դատարանի վճռով դատապարտվել է 24 տարվա ազատազրկման։

«Մենք կարծում ենք, որ Վրաստանը խախտել է միջազգային ծովային իրավունքը»,-ասել է արտգործնախարարության ներկայացուցիչ Բուրաք Էզյուգերգինը։

Թուրքիայի իշխանությունները մտադիր են դիվանագիտական ճնշումներ գործադրել Վրաստանի վրա՝ թուրք կապիտանի դատավճիռը չեղյալ համարելու նպատակով։

Հիշեցնենք, որ Buket բեռնանավի կապիտան, Թուրքիայի քաղաքացի Մահմադ Օզթյուրքի գործը քննվել է վրաստանյան դատարանի կողմից՝ անցած երկուշաբթի օրը, նա մեղադրվել է «հատկապես խոշոր չափերի մաքսային խախտումների եւ բռնագրավված տարածք մտնելու համար» ու դատապարտվել է 24 տարվա բանտարկության։

2 հազար տոննա բենզինով եւ 700 տոննա դիզելային վառելիքով բեռնված նավը, որը Թուրքիայից ուղեւորվում էր Աբխազիա՝ սեփականության իրավունքով տրվել է վրացական պետությանը։