«Անելիք Բանկը» բեկումնային տեխնոլոգիաներ կբերի Հայաստանի շուկա: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, լրագրողներին ասաց բանկի խորհրդի նախագահ Վարդան Դիլանյանը:
Այս տարվա նոյեմբերի 11-ին «Անելիք Բանկը» համալրել է իր կանոնադրական կապիտալը 21.8 մլրդ ՀՀ դրամով՝ այն հասցնելով 39 մլրդ-ի: Կապիտալը համալրվել է նոր բաժնետիրոջ կողմից (FISTOCO LTD), որը դարձել է բանկի բաժնետոմսերի 59,68%-ի սեփականատերը: Լիբանանյան CreditBank S.A.L-ը՝ նախկինում միակ բաժնետերը, շարունակում է վերահսկել բաժնետոմսերի 40,32%-ը:
Բանկային աշխարհը շատ արագ փոխվում է, շուկա են մտնում նոր տեխնոլոգիաներ, այդ թվում օնլայն-բանկինգը: «Անելիք Բանկը» նախատեսում է ներկայացնել նոր լուծումներ, որոնք արդեն հաջողությամբ գործարկվել են արտերկրում եւ Ռուսաստանում: «Կարծում ենք՝ այսօր հաճախորդն ուշադրություն է դարձնում անգամ ոչ այնքան սակագներին, որքան՝ հարմարավետությանը: Գործարքներ՝ առանց բանկ այցելելու: Տարաբնույթ վճարումներ՝ մեկ պատուհանով: Այս ամենը մենք կզարգացնենք՝ համատեղելով մեր փորձը լիբանանյան մեր գործընկերների գիտելիքների հետ:
Մեզ գրավում է լիբանանյան նաեւ մեր լիբանանյան բաժնետեր-գործընկերերի՝ լավ իմաստով պահպանողական մոտեցումը: Նրանց ֆինանսական հաշվետվությունները շատ թափանցիկ են եւ որեւէ կասկածի նշույլ մեզ չեն թողել», - ասաց Դիլանյանը:
Բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը նշեց, որ բանկի նոր բաժնետիրոջ օգնությամբ արդեն ներգրավվել են նոր ռեսուրսներ՝ արտասահմանյան մի շարք ֆինանսական կազմակերպությունններից:
Բանկի խորհրդի անդամ Հագոբ Գասարճեանը հիշեցրեց, որ «Անելիքը» Հայաստանի առաջին բանկերից է. հիմնադրվել է դեռ 1990 թ. օգոստոսին: «Մեր անցած ճանապարհի շնորհիւ կրցանք լաւ առաջարկ ընել նոր կարեւոր բաժնետիրոջը: Իրարու հետ լաւ պայմանավորվախութիւններու հասած ենք, որոնք ալ մեծապես կօգնեն մեր առաջնթացին», - ասաց նա:
Նշենք, 2015 թ. արդյունքներով «Անելիք բանկ» ՓԲԸ-ի ակտիվները կազմել են շուրջ 90,8 մլրդ դրամ, ինչը շուրջ 4,8%-ով ավելի բարձր է, քան 2014-ի ավարտին: Ընդ որում, նշեց Դիլանյանը, 4-րդ եռամսյակում արդեն նկատվում է ակտիվների նոր աճ:





























