Կառավարությունը դեկտեմբերի 21-ին արտահերթ նիստ է հրավիրել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունից: Նիստի օրակարգում ընդգրկված է 2 հարց՝ դեկտեմբերի 22-ին ժամը 12։00-ին ԱԺ արտահերթ նիստի գումարում եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. 1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2016 թվականի դեկտեմբերի 22-ին ժամը 12։00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` հետևյալ օրակարգով`

1) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ (նախագիծ) (երկրորդ ընթերցում)

2) ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ 2.1) Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2016 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված թիվ CAM 1007 01 D» վարկային համաձայնագիր, 2.2)  Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2016 թվականի նոյեմբերի 11-ին ստորագրված «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագիր. երկրորդ փուլ (ընթացիկ գործառնություններ)» վարկային համաձայնագիր,

2.3) Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2016թ. դեկտեմբերի 9-ին ստորագրված «Զարգացման քաղաքականության չորրորդ վարկ» վարկային համաձայնագիր»: