Ապրիլյան ռազմական գործողությունները հանգեցրին նոր իրողությունների, որոնց Հայաստանի պետական համակարգը գոհացուցիչ արձագանքեց: Այս մասին դեկտեմբերի 20-ին՝ մամուլի ասուլիսում հայտարարեց ԱԺ արտաքին հարցերով մշտական հանձնաժողովի հանրապետական նախագահ Արտակ Զաքարյանը:
Նրա խոսքով՝ անկախ տարածաշրջանում գոյություն ունեցող հարաբերություններից, Հայաստանը պետք է անվտանգության հարցը որպես թիվ մեկ հարց պահի: «Ամբողջ տարվա ընթացքում Հայաստանը շարունակել է Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը խորացնել: Մենք վավերացրել ենք հակաօդային պաշտպանության վերաբերյալ միջպետական համաձայնագիրը, ռուս-հայկական համաձայնագիր ենք ստորագրել զորքերի միավորված խմբավորման վերաբերյալ»,- հիշեցրեց Զաքարյանը՝ հավելելով, որ Հայաստանը համագործակցությունն ակտիվորեն զարգացնում է նաեւ ՆԱՏՕ-ի եւ կառույցի անդամ առանձին երկրների հետ:





























