«Արցախ» բանկի կադրերի նախկին պետ Անուշիկ Շահրամանյանից իր գումարի վերադարձման պահանջով կառավարության դիմաց հացադուլ իրականացնող ազատամարտիկ Սարգիս Ղազարյանը դեկտեմբերի 1-ից սկսած հացադուլը դադարեցրել է: NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ազատամարտիկը պատմեց, որ կառավարության դիմաց հացադուլ անելու ժամանակ ինքնազգացողությունը վատացել է, որից հետո ծառայություն իրականացնող ոստիկանները շտապօգնություն են կանչել: Բժիշկները նրան խորհուրդ են տվել հացադուլը չշարունակել:
«Դեկտեմբերի 14-ին էլ էի վատացել, էլի շտապօգնությունով տեղափոխեցին հիվանդանոց, հետազոտեցին, ասացին՝ լյարդի եւ լեղապարկի հետ կապված խնդիրներ ունեմ եւ վիրահատության տակ չընկնելու համար պետք է դադարեցնեմ հացադուլը, բայց չլսեցի, շարունակեցի եւ վատացա»,-ասաց նա:
Սարգիս Ղազարյանը նշեց, որ իր գումարների վերադարձի պահանջով պայքարը շարունակելու է, սակայն, չի ցանկանում ասել՝ ինչ տարբերակով:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Սարգիս Ղազարյանը պնդում է, որ 2012թ. «Արցախ» բանկի կադրերի նախկին պետ Անուշիկ Շահրամանյանն իրենից 55 հազար դոլար գումար եւ 4 հազար դոլար արժողությամբ ոսկի է վերցրել եւ չի վերադարձրել:





























