Գերիշխող ապրանքային շուկաներում  գների արհեստական բարձրացումները, ինչպես նաեւ հնարավոր հակամրցակցային գործողությունները կանխարգելելու նպատակով, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը այս օրերին աշխատում է առավել խիստ ռեժիմով:

Մանրածախ առեւտրի ոլորտում առաջնային սպառման ապրանքների գների փոփոխությունները արձանագրելու եւ վերահսկելու նպատակով, Հանձնաժողովում ստեղծվել է աշխատանքային խումբ, որն ամենօրյա կտրվածքով մոնիթորինգ է իրականացնում մայրաքաղաքի խոշոր սուպերմարկետներում, թե սպառողների եւ թե բարեխիղճ տնտեսվարողների շահերը պաշտպանելու նպատակով:

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

ՏՄՊՊՀ-ի կողմից կատարվող դիտանցումները առաջնահերթ կարգով ընդգրկում են սոցիալական կարեւորության այն ապրանքատեսակները, որոնց գծով առկա են խոշոր ընկերություններ:

ՏՄՊՊՀ մամուլի ծառայության փոխանցմամբ, ընդհանուր հաշվով այս պահի դրությամբ սոցիալական կարեւորության առաջնային ապրանքների գծով գնային էական փոփոխություններ չեն արձանագրվել: Նույնիսկ նկատվել է որոշ ապրանքատեսակների վաճառքի գների նվազում: Համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածում իրականացված դիտանցման արդյունքները, կարող ենք փաստել, որ մի շարք ապրանքների գները փոփոխվել են նվազման ուղղությամբ:

Այսպես. 2015-2016 թվականների դեկտեմբեր ամիսների գների համադրությունը ցույց է տալիս, որ թարմ հավի մսի գինը նվազել է 18%-ով, բանանի գինը՝ միջինում 18%-ով, ալյուրի գինը՝ 18%-ով, երշիկի գինը 2%-ով, բրնձի գինը 6%-ով, ձեթի գինը՝ 4%-ով, պանրի գինը՝ 2%-ով եւ այլն:

Ինչ վերաբերում է գնային բարձրացումներին, ապա այս առումով արձանագրվել է շաքարավազի գնի 30 դրամով  (9%) բարձրացում, ինչի պատճառների եւ հիմնավորվածության բացահայտման համար ներկայումս  ուսումնասիրությունները շարունակվում են:

Այս պահին դեռեւս ընթացքի մեջ գտնվող Հանձնաժողովի դիտարկումները փաստում են, որ տեղի է ունեցել շաքարավազի հումքի միջազգային գների բարձրացում: Մասնավորապես 2016 թվականի հոկտեմբերին 2016 թվականի հունվարի համեմատ շաքարավազի հումքի միջազգային գների աճը կազմել է շուրջ 52 տոկոս:

Չնայած այն հանգամանքին, որ Ամանորյա տոներին ընդառաջ հատկապես կարեւորվում է սոցիալական կարեւորության ապրանքների գծով իրավիճակի վերահսկողությունը, այնուամենայնիվ դրան զուգահեռ Հանձնաժողովը ուշադրության կենտրոնում է պահում բարձր կենտրոնացվածություն ունեցող մյուս ոլորտները եւս:

Այդ առումով Հանձնաժողովի կողմից իրականացված դիտանցումների արդյունքները արձանագրել են, որ բենզինի մանրածախ վաճառքի գները 2016 թվականի դեկտեմբերից շարունակաբար նվազում են եւ վերջին գնային փոփոխությունը արձանագրվել է դեկտեմբերի կեսերին, երբ բենզինի մանրածախ գները նվազել են եւս 20 դրամով: Եթե 2016 թվականի սեպտեմբերին բենզինի մանրածախ գինը կազմում էր 380 դրամ, ապա ներկայումս այն կազմում է 330 դրամ: Հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գնային այսպիսի նվազումը մեծապես պայմանավորված է մրցակցության խորացմամբ: Մասնավորապես, ըստ Հանձնաժողովի տվյալների, ոլորտում հայտնվել է նոր ընկերություն, որը սկսել է ավելի ցածր գնով բենզինի ներմուծումներ իրականացնել, ինչն էլ անդրադարձել է իրացման վերջնական գնի վրա:  

Ամփոփելով, նշենք, որ Հանձնաժողովի ամենօրյա դիտանցումների արդյունքներով ներկա պահին սոցիալական կարեւորության ապրանքների գծով գնային էական տատանումներ չեն դիտարկվել: ՏՄՊՊՀ աշխատանքային խումբը խոշոր խանութներում դիտանցումներ է իրականացնելու մինչեւ տարվա վերջին օրը ներառյալ եւ գնային չհիմնավորված փոփոխություններ արձանագրելու դեպքում՝ կկիրառվեն օրենքով սահմանված համապատասխան միջոցներ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում առաջարկեց, որ  հաշվի առնելով ամանորյա տոները, Մրցակցային մարմինը առավել ուշադիր լինի առեւտրային շուկայում ապրանքների գների արհեստական բարձրացման եւ/կամ հակամրցակցային գործողություների կանխարգելման հարցում: