Հայ ծրագրավորողներ, ամուսիններ Արա Մարկոսյանն ու Անահիտ Մարկոսյանը, թողնելով Սիլիկոնյան հովիտը, վերադարձել են Հայաստան ու Արագյուղում զբաղվում են բնական կոսմետիկայի բիզնեսով: NEWS.am-ի հետ զրույցում Մարկոսյանները պատմում են Հայաստանում հաստատվելու եւ իրենց համատեղ բիզնեսի` «Նաիրիանի» նրբությունների մասին:

Ծրագրավորողներ եք, ինչո՞ւ որոշեցիք նման բիզնես հիմնել: Ծրագրավորումն ու բնական կոսմետիկան շատ հեռու են միմյանցից:

Անահիտ Մարկոսյան - Ամուսնուս հետ ԱՄՆ էինք տեղափոխվել դեռեւս 1992թ.-ին: Արան հաճախ էր Հայաստան գալիս, որովհետեւ ցանկանում էր, որ այստեղ էլ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգանա: Ամեն անգամ գալուց մտահոգվում էինք, որ Երեւանը զարգանում է, իսկ գյուղական շրջաններում վիճակը շատ վատ էր: Ինքս միշտ հետաքրքրվել եմ բնական կոսմետիկայով, որովհետեւ տանել չեմ կարողանում արհեստական ցանկացած հոտ: Արդեն վաղուց եթերային յուղերով էի նաեւ հետաքրքրվում եւ օգտագործում: Տեսնում էի, որ Հայաստանում էլ կան շատ-շատ բույսեր, որոնցով կարելի է ստանալ եթերային յուղ: Եվ հասկանում էի, որ նման բիզնեսը կլինի խթանող ուժ Հայաստանի գյուղատնտեսական վայրերում բնակվող մարդկանց համար: Հայաստանի կլիմայական պայմանները, բույսերի որակն իսկապես շատ լավն է, սակայն մենք այդ պոտենցիալը քիչ ենք օգտագործում, օրինակ` ծիրանից, խնձորից, խաղողից պատրաստում են կոնյակ, գինի, բայց ամբողջ ներուժը չի օգտագործվում: Այդ պատճառով մենք որոշեցինք մեր ուժը միացնել մեկ այլ ուժեղ ներուժի հետ. Հայաստանում հրաշալի գիտնականներ կան, որոնք ստեղծագործող են, լավ մասնագետներ են, որոշեցինք այս երկուսը միավորել եւ ստանալ այս արդյունքը: Այս ամենն ազդում է գյուղատնտեսության վրա, աշխատատեղեր են բացվում, բացի դրանից, մենք բույսեր են հարկավոր, որոնք կարելի է աճեցնել եւ տարեկան մի քանի անգամ բերք ստանալ: Ի դեպ, բնական կոսմետիկայի համար անհրաժեշտ բույսերը մենք կամ հավաքում ենք, կամ ինքներս ենք աճեցնում: Եթե բույսը էկոլոգիային չի վնասում, հավաքում ենք, հակառակ դեպքում աճեցնում ենք կամ գյուղացիներից ենք գնում:

Հայաստանյան շուկան ուսումնասիրե՞լ եք: Իսկապե՞ս կարիք կա:

Արա Մարկոսյան- Այժմ բնական կոսմետիկան շատ փոքր տեղ է գրավում Հայաստանյան շուկայում, կան մի քանի խանութներ, բայց սա արագ աճող բիզնես է: Մարդկանց պետք է տեղեկացնել, որ Հայաստանում բնական կոսմետիկա է արտադրվում եւ քիչ- քիչ կարող ենք մեր տեղը գրավել հայկական շուկայում:

Ծրագրավորողներ եք, շուրջ 20 տարի աշխատել եք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Ինչո՞վ է այդ փորձն օգնում այս բիզնեսում:

Արա Մարկոսյան- Շատ հպարտ եմ, որ ես իմ ընկերների հետ մեր փոքրիկ լուման ենք ներդրել, որ Հայաստանում ՏՏ ոլորտը լինի ծաղկուն, զարգացած:

Անահիտ Մարկոսյան- Ես մասնագիտությամբ ֆիզիկոս եմ, բայց շուրջ 18 տարի ծրագրավորող եմ աշխատել: Կարծում եմ` ԵՊՀ-ն այդ ժամանակ տալիս էր գիտնականի մտածողություն, որը հետագայում կարող ես կիրառել ցանկացած աշխատանքում: Որոշ ժամանակ զբաղվել եմ լազերային ֆիզիկայով, հիմա այս ոլորտն ինձ մտցնում է օրգանական քիմիայի եւ կենսաքիմիայի մեջ, բայց քանի որ ճիշտ հիմքերը դրված են, եւ մտածելակերպը, եւ գիտելիքներն ինձ օգնում են: Ինձ համար այս ամենն անծանոթ չէ, գիտեմ, որ շատ հեշտությամբ կարողանում եմ մտնել այդ ոլորտի մեջ: Մեր մասնագետները մեր պատրաստած յուղերը ներկայացնում են արտասահմանյան տարբեր կոնֆերանսների ժամանակ: Ի դեպ, մենք առաջին անգամ Հայաստանում ստացել ենք դամասկոսյան վարդի յուղ: Հայտնաբերել ենք, որ այն վարդը, որով հայերը մուրաբա են պատրաստում, բուլղարացիները սարքում են վարդի յուղ ու ոսկու գնով վաճառում են: Հենց այդ յուղի վերաբերյալ հետաքրքիր հայտնագործություններ ենք արել, որն ուղարկեցինք Չիկագո:

Թերեւս ծաղիկների, բույսերի սիրահար եք:

Անահիտ Մարկոսյան- Ես Երեւանում եմ ծնվել, բայց մորս հետ մարզեր էինք գնում` բույսեր, ծաղիկներ հավաքելու եւ չորացնելու, որ կարողանանք բուժական նպատակներով օգտագործել: Միշտ սեր եմ ունեցել բույսերի նկատմամբ, եւ հիմա սա ինձ համար մի ոլորտ է, որտեղ կարելի է միացնել մասնագիտությունը նախասիրության հետ: Օրինակ, ուրցադաղձը միշտ հավաքում էինք թեյի համար, իսկ այժմ կարելի է բնական կոսմետիկայի մեջ օգտագործել:

Որպես կին` ես միշտ շատ եմ սիրել լավ որակյալ կոսմետիկա: Երեւան գալիս` ինձ հետ միշտ բերում էի, քանի որ այստեղ չկար: Հիմա առաջին անգամն է, որ եկել եմ եւ չեմ բերել: Հայաստանում այս որակի բնական կոսմետիկա չկար: Մենք այսօր նույնիսկ մեր աճեցրած վարունգն ենք օգտագործում բնական կոսմետիկա ստանալու համար: Առհասարակ, աշխարհում շատ քիչ ընկերություններ կան, որոնք աճեցնում են բույսեր արտադրանքի համար, սովորաբար գնում են, իսկ մենք 70 տոկոսն աճեցնում ենք, իսկ մյուս մասը գնում Հայաստանի գյուղացիներից:

Այսօր, օրինակ, մտածում ենք, որ ուրցը կարելի է աճեցնել Հայաստանում, քանի որ լավ տեխնոլոգիաներ կան, հատկապես որ մենք չենք ուզում, որ մեր ազդեցությունը բնության վրա մեծ լինի: Մենք քիմիկատներ շատ քիչ ենք օգտագործում, այդ պատճառով էլ մեր դաշտերում շատ է ձեռքի աշխատանքը, պետք է դաշտում տարիներով քիմիական նյութեր չօգտագործվեն: Մենք խնձորի այգի ունենք, որի բերքն օգտագործում ենք կրեմների մեջ, խնձորենիները սրսկում ենք օրգանական նյութերով, պարարտանյութերով:

Իսկ դժվար չէ՞ երեւանցի կնոջ համար այդ աշխատանքը, մանավանդ որ երկար տարիներ ապրել եք Միացյալ Նահանգներում:

Անահիտ Մարկոսյան- Ես ամբողջ կյանքում ծանր աշխատանքներ եմ կատարել: Ծրագրավորողի աշխատանքն էլ է ծանր աշխատանք: Ուրախ եմ, որ այս աշխատանքում ստիպված չեմ երկար նստել, դա տարիների ընթացքում խնդիրներ է առաջացնում: Հիմա ավելի շարժուն եմ, ինչ-որ օրեր Երեւանում եմ, ինչ-որ օրեր դաշտերում: Մաքուր օդին աշխատելը ինձ համար ավելի հարմար է:

Կարելի է ասել, որ հոբբին Ձեզ համար դարձել է աշխատանք:

Անահիտ Մարկոսյան- Հա, հաստատ, որովհետեւ դա շատ մեծ հոբբի էր ինձ համար:

Բավականին ճամփորդել ենք Եվրոպայում, ԱՄՆ-ում: Անպայման գտնում էինք մի խանութ բնական կոսմետիկայի եւ բավական գնումներ կատարում այնտեղից: Այո, դա շատ մեծ հոբբի էր ինձ համար, եւ դա դարձավ աշխատանք: Ես կուզենայի, որ Հայաստանում կանայք ավելի շատ իրազեկված լինեին այդ հարցում: Օրինակ, ԱՄՆ-ում կանայք ավելի ուշադիր են: Մանավանդ տարեց կանայք, որ գալիս են խանութ, անպայման կարդում են պիտակները:

Հայաստանում դեռ այդ մշակույթը չի ձեւավորվել, դրա համար էլ մենք փորձում ենք իրազեկել: Ես կարծում եմ, որ դա Հայաստանում առավելապես կարեւոր է, կանանց շրջանում քաղցկեղի վտանգը կա, իհարկե դա միայն կոսմետիկայից չէ, ուրիշ գործոններ էլ կան: Պետք է նվազագույնի հասցնել քիմիական նյութերի ազդեցությունը: Կանայք ավելի շատ են առնչվում քիմիայի հետ` տուն մաքրել, ամանները լվանալ: Երբ որ սկսում ես բնական կոսմետիկա օգտագործել, այդ հոտերը դառնում են անտանելի: Երբ որ մարդիկ անցնում են բնականի, հետ գնալը շատ դժվար է, հոտը տհաճ է լինում: Այս տիպի բիզնեսը բոլոր կողմերից է լավ. նախ կայուն է, հետո մենք չենք սպառում ռեսուրսներ: Ըստ իս, Հայաստանում պետք է լինի միայն կայուն արտադրանք, որովհետեւ շատ փոքր երկիր է, բնությունը շատ հարուստ է, երբ որ մարդիկ վերջացնեն իրենց կռիվը, դրա կռիվն է սկսվելու, ջրի կռիվը: Նրանք եկան անապատ եւ ծաղկուն երկիր դարձրին, մենք ծաղկուն երկիրը անապատ ենք դարձնում: Մենք ուզում ենք ցույց տալ, որ կարելի է կայուն կերպով արտադրել ապրանքը, որը մեծ պահանջարկ ունի աշխարհում եւ գնալով ավելանալու է այդ պահանջակրը:

Վերջերս միջազգային կոնֆերանսի էի մասնակցում, բոլորն ասում էին` հիմա մարդիկ ամեն ինչի գնում են բնականի միջոցով, բայց պաշարները սահմանափակ են: Դա է պատճառը, որ մարդիկ գնացին մասսայականության, այդ պաշարները չեն կարող բավարարել մարդկանց, առավելագույնը նավթից յուղ են ստանում, ավելացնում մի քանի ակտիվ նյութեր եւ ստանում կրեմ, որը էժան է, մատչելի, մասսայական: Թե ինչ ազդեցություն է դա թողնում շրջակա միջավայրի վրա, բոլորս էլ գիտենք. Կոնկրետ նյութեր կան, որոնք կարող են գոյացություններ առաջացնել:

Կարծում եմ` հենց այս տիպի բիզնեսը Հայաստանում շատ ճիշտ է, որովհետեւ կոսմետիկայի համար Հայաստանը ունի ահագին մեծ պաշարներ: Խոսքս ոչ միայն բույսերի, եթերային յուղերի մասին է, այլեւ մրգի, կոսմետիկա կարելի է պատրաստել նույնիսկ հյութ պատրաստելու թափոնից:

Երբվանի՞ց եք սկսել ուսումնասիրել այս ոլորտը:

Անահիտ Մարկոսյան- Չորս տարի է արդեն, այս ընթացքում հսկայական ուսումնասիրություններ եմ կատարել, ստացել համապատասխան սերտիֆիկատներ, հետո անցել կոսմետիկային: Արան ՏՏ ոլորտից դուրս է եկել 1,5 տարի առաջ: Կարծում եմ` ժամանակները փոխվել են, որ մարդիկ ավարտում էին ինստիտուտը, 25 տարի աշխատում նույն ոլորտում, անցնում թոշակի, հիմա այդպես հնարավոր չէ աշխատել, հատկապես Միացյալ Նահանգներում, դու պետք է 3-4 տարին մեկ ընկերությունը փոխես: Դու պետք է անընդհատ ինչ-որ բաներ սովորես: Ես ինքս եմ ծրագրավորում սովորել: Սովորելու ընթացքում նոր հետաքրքրություններ են առաջ գալիս, հասկանում ես, որ սրանով էլ կարող ես զբաղվել: Այս իմաստով ԱՄՆ-ում ապրելը մեզ սովորեցրեց չեզոք մտածել, այդ երկիրը մարդուն օգնում է անընդհատ մտածել իր կայացրած որոշման վրա: Եթե Հայաստանում իրենց աշխատանքն իրենց ուզած եկամուտը չի բերում, շարունակում են աշխատել ու բողոքել: Իսկ ԱՄՆ-ում երիտասարդները շուտ են մտնում կյանքի մեջ, կարողանում են փոփոխվել:

Ես երբեք չեմ սիրել ծրագրավորումը, աշխատել եմ երեխաներիս մեծացնելու համար: Աղջիկս որոշեց տեղափոխվել Հայաստան, տղաս` Նյու Յորքում մագիստրատուրա սովորել: Հետեւաբար, ինձ այնպիսի աշխատանք էր պետք, որ կարողանամ պարբերաբար գնալ- գալ, իսկ ծրագրավորողի արձակուրդն առավելագույնը 15 օր է, եւ ես հասկացա, որ ինչ-որ մի բան պետք է փոխել:

Խոսում եք մտածելակերպերի տարբերության մասին: Ձեր կարծիքով, ի՞նչ պետք է փոխել հայաստանցիների մեջ:

Արա Մարկոսյան- Երբ մարդիկ Հայաստանում են եւ քիչ են դուրս գալիս երկրից, մի տեսակ ներսից դժվար է երեւում երկրի ներուժը, ու քեզ թվում է, որ ապրում ես աշխարհի ամենավատ վայրում: Բայց երբ դուրս ես գալիս, մի քիչ էլ ճամփորդում ես, տեսնում ես, թե ինչ է կատարվում աշխարհում, ասում ես` Հայաստանում էլի լավ է: Ամենակարեւորն այն է, որ տեսնում ես երկրի պոտենցիալը, հասկանում ես, որ կարելի է հենց այսպես դարձնել: Ուղղակի պետք է մարդկանց միջից փոխել հոռետեսությունը, բողոքելը, որը իմ մեջ էլ կա, հայ եմ, չէ՞:

Այսինքն, դուք խորհուրդ եք տալիս, որ մարդիկ փորձեն փոխել վերաբերմունքը իրերի նկատմամբ:

Արա Մարկոսյան- Երբ ես առաջին անգամ դուրս եկա Հայաստանից, Գերմանիայում նկատեցի, որ եթե կա խնդիր, պետք է անպայման տալ լուծում, խնդրի լինելության եւ չլինելության հարցը չկար: ԱՄՆ-ում էլ է այդպես: Պետք է, որ ազգովի մտածողությունը փոխենք, լուծենք հարցերը, այլ ոչ թե քննարկենք` խնդիրը լուծելի է, թե ոչ:

Արտասահմանում ապրելիս գիտես, որ միայն քեզ վրա կարող ես հույսդ դնել, դու չես կարող հույս դնել ծնողների, բարեկամների վրա, դու ես միայն ու դու պետք է լուծես քո խնդիրները, պետությունն էլ դրանք չի լուծելու: Կարծում եմ` հենց սա է օգնում պատասխանատվություն վերցնելու համար: Մարդկանց մոտ 90 տոկոսը մտածում է, որ պետությունն է պատասխանատու իրենց վատ ապրելու համար: Գոնե կան մարդիկ, որ պատասխանատվություն են զգում երկրի նկատմամբ:

Անահիտ Մարկոսյան- Միեւնույն ժամանակ, գյուղացիների մտածելակերպը պետք է փոխել, որովհետեւ չեն ցանկանում բանջարեղեն աճեցնել: Երբ պատճառն ենք հարցնում, ասում են` ջուր չունեն, այսինքն նախընտրում են փողը տալ, խանութից գնել, քան ջրի փող տալ ու աճեցնել բանջարեղեն:

Արա Մակոսյան- Հայաստանում այսօր անհրաժեշտ է աշխատեղեր բացել, ներդրումներ կատարել, փորձի փոխանակում անել:

Երիտասարդները, որ մտնում են կյանք, գնում են համալսարան, իրենց ի՞նչ մոտեցում է պետք տալ ընդհանրապես: Հեռանկարային առումով քանի՞ տարվա ճանապարհ պետք է անցնեն:

Արա Մարկոսյան- Պատասխանատվության զգացում պետք է ունենան իրենց իսկ նկատմամբ, իրենց ճակատագրի նկատմամբ, իրենց շրջապատի, ապագա ընտանիքի եւ ընդհանրապես հայրենիքի հանդեպ: Հայաստանում մեր երիտասարդությունը դեռ ծնողների ասելով են ընտրում մասնագիտություն: Դա սխալ է: Քանի որ այսօր մայրդ, հայրդ աշխարհի մասին կարող են ավելի քիչ բան իմանալ, քան դու:

Պրոֆեսիոնալ մոտեցում է պետք: Այսր շատերը սիրողական մոտեցում ունեն, սա պետք է հանել մեր միջից: Մարդիկ չեն հասկանում, որ պետք է պատասխանատվություն վերցնեն

Անահիտ Մարկոսյան- Նախկինում սերունդը փորձ ուներ, որը կարող էր փոխանցել հաջորդին, իսկ ներկայիս սերունդն ավելին գիտի: Իհարկե, կենսական հարցերում մեծի խորհուրդը պետք է լինում, սակայն աշխատանքի հարցում սխալ է: Օրինակ, ծնողներդ ամբողջ կյանքում աշխատել են գրասենյակում եւ փորձում են քեզ նման տեղ առաջնորդել, սակայն չմոռանանք, որ գրասենյակային աշխատողին այսօր շատ հանգիստ կարող է փոխարինել համակարգիչը, ռոբոտը:

Ցավոք սրտի, հայաստանցիների 10 տոկոսն է ընդամենը մտածող, ի՞նչ անել, որ արտասահման չգնան:

Արա Մարկոսյան- Այսօր նաեւ ներգաղթ կա, ավելի պայծառ ուղեղով մարդիկ են վերադառնում Հայաստան:

Անահիտ Մարկոսյան- Հայրենասիրությունից բացի` դրսում ավարտածները վերադառնում են Հայաստան, քանի որ ԱՄՆ-ում նոր ավարտածի համար կյանքը թանկացել է: Մյուս կողմից, հնարավորություն կա աշխատելու այնտեղից, որտեղից ուզում ես: Հայաստանի կյանքը համեմատաբար էժան է, ապահով է եւ հետաքրքիր, քանի որ ընկերություն կա, գիշերային կյանք կա:

Արա Մարկոսյան- Մեզ մոտ, օրինակ, կան գյուղացիներ, որոնք հայաստանցիներ չեն, ներգաղթածներ են եւ սիրով են աշխատում մեզ մոտ: