Էստոնիա կատարած այցի շրջանակներում Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) դեկտեմբերի 21-ին հանդիպեց Էստոնիայի Ռիիգիկոգուի (խորհրդարան) խոսնակ Էիկի Նեստորի հետ:

Դեսպան Մկրտչյանն Էստոնիայի Ռիիգիկոգուի խոսնակին ներկայացրեց երկու երկրների միջեւ համագործակցության հեռանկարային մի շարք ոլորտներ: Այդ համատեքստում կարեւորվեց միջխորհրդարանական բարեկամական խմբերի ձեւաչափով համագործակցության ակտիվացումը: Իր հերթին խոսնակ Նեստորը կարեւորեց Հայաստանի հետ փոխգործակցության զարգացումը նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակներում:

Զրուցակիցներն անդրադարձան տնտեսական ու մշակութային ոլորտներում նախանշված մի շարք ծրագրերի:

Նույն օրը դեսպան Մկրտչյանը հանդիպեց նաեւ Ռիիգիկոգուի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարկո Միհկելսոնի հետ:

Դեսպան Մկրտչյանն իր զրուցակցին ներկայացրեց ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքները, ինչպես նաեւ միջազգային հարթակներում Ադրբեջանի ցուցաբերած ապակառուցողական գործելաոճը:

Մարկո Միհկելսոնի խնդրանքով դեսպան Մկրտչյանը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները:

Երկուստեք կարեւորվեց երկկողմ միջխորհդարանական համագործակցության առավել ակտիվացումը, ինչպես նաեւ տարբեր մակարդակի փոխայցելություններ իրականացնելու անհրաժեշտությունը:

Այնուհետեւ, դեսպան Մկրտչյանը հանդիպեց Էստոնիայի ԱԳ նախարարության ներկայացուցիչներին՝ Էստոնիայի ԱԳ նախարարության Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Մարտին Ռոջերի գլխավորությամբ:

Դեսպան Մկրտչյանն իր զրուցակիցներին ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան ագրեսիայի որոշ մանրամասներ, ինչպես նաեւ պաշտոնական Բաքվի շարունակվող ապակառուցողական գործելաոճը եւ ամենաբարձր մակարդակով տարվող հակահայկական քարոզչությունն ու հնչող հռետորաբանությունը:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին։ Իր հերթին Մարտին Ռոջերը նշեց, որ Էստոնիան աջակցում է Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ վիզաների ազատականացման շուրջ ընթացող գործընթացին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցեր: