Հայաստանի եւ Էստոնիայի հանրային հեռուստատեսությունները կհամագործակցեն: Այս մասին նշվել է Էստոնիայում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս) Տիգրան Մկրտչյանի եւ Էստոնիայի հանրային հեռուստատեսության խորհրդի անդամ Այնար Ռուուսաարի հանդիպման ժամանակ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նրանց հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստանի եւ Էստոնիայի հանրային հեռուստատեսությունների միջեւ համագործակցության զարգացման հեռանկարները:

Նույն օրը դեսպան Մկրտչյանը հանդիպում ունեցավ Էստոնիայի մշակույթի նախարար Ինդրեկ Սաարի հետ, որի ընթացքում զրուցակիցներն անդրադարձան երկկողմ մշակութային համագործակցությանը, քննարկեցին դրա խորացմանն ուղղված մի շարք ծրագրեր:

Դեսպան Մկրտչյանը ներկայացրեց նախանշված մի շարք մշակութային միջոցառումների՝ ցուցահանդեսների, թատերական փառատոնների, ֆիլմերի ցուցադրության նախապատրաստական աշխատանքները: Նախարար Սաարը գոհունակությամբ ընդգծեց մշակութային ոլորտում Էստոնիայի հայ համայնքի ակտիվ դերակատարությունը:

Երկուստեք կարեւորվեց մշակութային միջոցառումներն ավելի հաճախակի դարձնելու անհրաժեշտությունն ու այդ համատեքստում փոխադարձ այցելությունների նշանակությունը:

Դեսպան Մկրտչյանը հանդիպում ունեցավ նաեւ Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Էստոնիայի հայերի միության նախագահ Ռազմիկ Իվանյանի եւ համայնքի ներկայացուցիչների հետ քննարկվեցին համայնքի համար կարեւոր նշանակություն ունեցող մի շարք հարցեր: