Դաշնային դատախազությունը հերքել է դեկտեմբերի 22-ին տարածված տեղեկությունը՝ կապված Գերմանիայի արեւմուտքում ձերբակալությունների հետ: Այս մասին հայտնում է DW-ն:

 

Վկայակոչելով WDR հեռուստաալիքին՝ որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ Դորտմունդում (Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային հողեր) ոստիկանական հատուկ գործողության ժամանակ 4 մարդ է ձերբակալվել: Ըստ որում՝ ընդգծվում էր, թե դեռեւս տեղեկություններ չկան՝ արդյոք դա կապված է Բեռլինի ահաբեկչության գործի քննության հետ:

Ավելի ուշ պարզվել է, որ հակաահաբեկչական գործողության ընթացքում Դորտմունդի հյուսիսային մասում ոստիկանությունը բնակելի շենքերից մեկի մի քանի բնակարաններում խուզարկություններ է կատարել:

Միեւնույն ժամանակ նույն դաշնային հողերում գտնվող ապաստան փնտրողների հանրակացարանում շրջայց է կատարվել: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ այդ հատուկ գործողությունն իրականացվել է Բեռլինում ահաբեկչության գործի քննության շրջանակում: Խուզարկության ենթարկված շենքում գրանցված է եղել համաեվրոպական հետախուզման մեջ գտնվող Անիս Ամրին: Դաշնային դատախազությունից հայտնել են, որ երկու դեպքում էլ «ձերբակալությունների մասին հայտնի չէ»: