ԱՄՆ կառավարությունների պատմության մեջ նոընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կառավարության անդամների ընդհանուր կարողությունն ամենամեծն է, հայտնում է Forbes-ը: Ըստ պարբերականի՝ այն կազմում է 4,5 մլրդ դոլար, ըստ որում՝ Թրամփը պետք է դեռեւս երկու նախարարի էլ նշանակի՝ գյուղատնտեսության եւ վետերանների հարցերով:

Թրամփն ընտրվել է իր պոպուլիստական կարգախոսների շնորհիվ, որոնք գրավել են շարքային ընտրողին, նշել է Forbes-ը: Միլիարդատերերի կառավարության կազմում է ExxonMobil-ի ղեկավարը, Goldman Sachs-ի նախկին գործընկերը եւ Amway կայսրության ժառանգորդուհին, որն իր կարողությունը կուտակել է ճգնաժամի ընթացքում հիպոթեքային վարկերով:

«Թրամփի թիմի» կարողությունը, դեռեւս մինչ նշանակումների ավարտը, 60 տոկոսով մեծ է, քան հեռացող նախագահ Բարաք Օբամայի կառավարության ընդհանուր կարողությունը: Forbes-ի փորձագետներն այն 2,75 մլրդ դոլար են գնահատել, ըստ որում՝ առյուծի բաժինը (2,5 մլրդ) բաժին է ընկնում առեւտրի նախարար Փենի Փրիթցքերին՝ Hyatt կայսրության ժառանգորդուհուն: Forbes-ի վարկանիշում հաշվարկվել է նաեւ կողակիցների կարողությունը: Ըստ այս ցուցանիշի՝ Օբամայի թիմում երկրորդ տեղում է Ջոն Քերրին, որն ամուսնացած է Թերեզա Հայնցի հետ, ում կարողությունը 150 մլն դոլար է կազմում:
Նույնիսկ առանց իր՝ Թրամփի կարողությունը (3,7 մլրդ դոլար) հաշվի առնելու՝ նրա շրջապատում մեծահարուստները շատ ավելի մեծաթիվ են: Առեւտրի ապագա նախարար ներդրող Ուիլբուր Ռոսի կարողությունը  2,5 մլրդ դոլար է, որը նա վաստակել է ճգնաժամի ժամանակ հիպոթեքային վարկավորման միջոցով: Կրթության նախարար Բեսթի Դեւոսի կարողությունը 1,25 մլրդ է:

Պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը, որը լքում է ExxonMobil-ի ղեկավարի պաշտոնը, 325 մլն դոլար է վաստակել: Forbes-ի հրապարակման համաձայն՝ նրա բաճկոնի դարձածալին պատկերված են ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի խաչված դրոշները, որը հիշեցնում է «Ռոսնեֆտ»-ի ղեկավարի հետ մտերիմ հարաբերությունների մասին:

Ֆինանսների նախարար Սթիվ Մնուչին վաստակել է 300 մլն դոլար:

Forbes-ի գնահատմամբ՝ Թրամփի կառավարությունում միայն երկու մարդու կարողությունն է միլիոնից պակաս՝ փոխնախագահ Մայք Փենսի եւ ՆԳ նախարար Ռայան Զինկեի: Ինդիանայի համեստ նահանգապետի եւ Մոնտանայից ընտրված կոնգրեսականի կարողությունը մոտ 800 հազար դոլար է: Փենսի դեպքում դա հիմնականում նրա թոշակային հաշիվներն են, Զինկեի՝ նկարների եւ ավտոմեքենաների հավաքածուները, նաեւ իր ծննդավայր Ուայթֆիշում (մոտ 7000 բնակչությամբ) սեփականությունը: