Պոլսո Հայոց պատրիարքարանն այս տարի նոր առաջնորդ կունենա: Պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը ծանր հիվանդության պատճառով 2007թ.-ից չի կարողանում կատարել իր գործառույթները: 2016թ. հոկտեմբերի 26-ին միայն հոգեւոր խորհուրդը որոշում կայացրեց նոր պատրիարքի  ընտրություն անցկացնելու համար դիմել պատկան մարմիններին։

NEWS.am-ի հետ զրույցում «Ակոս» շաբաթաթերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը հայտնեց, որ ամենայն հավականությամբ, ընտրությունները տեղի կունենան ապրիլից ոչ շուտ:

«Դեռեւս քարոզարշավը չի սկսվել, դժվար է ասել, թե ով է հավանական թեկնածուն: Այս պահին գրանցված չորս թեկնածու կա` պատրիարքի փոխանորդ Արամ սրբազան Աթեշյանը, կրոնական ժողովի ատենապետ Տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, Գերմանահայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը և Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: Ըստ իս, վերջնական պայքարը լինելու է երկու թեկնածուների միջեւ, մեկը կամ երկուսն անպայման կհրաժարվեն ընթացքում»,- ասաց նա:

Բագրատ Էստուկյանը դժվարացավ ասել, թե կոնկրետ որ թեկնածուները կպայքարեն մինչեւ վերջ: Նա չբացառեց նույնիսկ, որ Արամ սրբազան Աթեշյանը կհրաժարվի հետագա պայքարից. «Աթեշյանը շատ մաշեցված է, դժվար թե ժողովրդի կողմից շատ ձայն հավաքի, քանի որ անունը մաշեցված է»:

Դիտարկմանը` միգուցե Թուրքիայի իշխանությունները միջամտեն, Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչն արձագանքեց. «Անհնար է, որ Թուրքիայի իշխանությունները միջամտեն, որովհետեւ նման բան փորձելու պարագայում հակառակ ազդեցությունը կլինի»:

Նշենք, որ Ստաբուլի հայ համայնքը երկար ժամանակ գտնվում էր պառակտված վիճակում պատրիարքի ընտրության հարցում։ Պատրիարք Մութաֆյանը առողջական խնդիրների պատճառով անգործունակ է ճանաչված, սակայն ըստ Պատրիարքարանի կանոնադրության, Պատրիարքն ընտրվում է ցմահ։  Համայնքի մեծ մասը պահանջում էր նոր ընտրություններ անցկացնել, իսկ մի մասն էլ շեշտում էր, թե եկեղեցական օրենքն արգելու է նոր ընտրությունը մինչ պատրիարքի մահը։

Այս ընթացքում պատրիարքի գործառույթներն իրականացրել է պատրիարքական ընդհանուր փոխանորդ արք․ Արամ Աթեշյանը, որին ստամբուլահայ համայնքի մի մասը չի ընդունում եւ համարում է Էրդողանի կողմից նշանակված անձ։