2017-ին Ֆինանսների նախարարությունն ակնկալում է Ռուսաստանից տրանսֆերտների գրեթե 4-5 տոկոսով աճ: Այս մասին դեկտեմբերի 23-ին՝ ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Նրա խոսքով՝ 2016-ը Ռուսաստանի տնտեսության համար կայունության տարի է եղել, ուժեղ ցնցումներ չեն դիտարկվել: Դա 2017-ի համար հույս է ներշնչում: Իսկ եթե նավթի գինն ակնկալվածից ավելի շատ բարձրանա, ապա կաճեն ոչ միայն Ռուսաստանի արտահանումից ստացվող եկամուտները, այլեւ չարտահանվող հատվածների ակտիվությունը (շինարարության եւ ծառայությունների, որտեղ Հայաստանից մեծ թվով սեզոնային միգրանտներ են աշխատում – խմբ.): «Հետեւաբար՝ մենք ակնկալում ենք թեկուզ փոքր, բայց աճ»,- ասաց Արամյանը:
Նշենք, որ 2016-ի հունվար-հոկտեմբերին Ռուսաստանից Հայաստան մասնավոր տրանսֆերտների հոսքը (դոլարային արտահայտությամբ) կրճատվել է գրեթե 29 տոկոսով՝ 626,6 մլն-ից մինչեւ 447,2 մլն: Այդուհանդերձ, 2017 թվականին ակնկալվում է ռուսական տնտեսության վերականգնում: Արժույթի միջազգային հիմնադրամը ակնկալում է Ռուսաստանի ՀՆԱ-ի 1,1 տոկոսով աճ, իսկ Moody’s վարկանիշային գործակալությունը՝ 1,5 տոկոսով: Կա նաեւ դոլարային արտահայտությամբ աճի հնարավորություն, քանի որ 2016-ի ընթացքում ռուսական ռուբլին դոլարի նկատմամբ ամրապնդվում է:





























