Երեւանցիները մայրաքաղաքի գլխավոր խնդիրը համարում են քաղաքային տրանսպորտի աշխատանքը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով «GALLUP International association»-ի ամենամյա հետազոտության արդյունքները՝ ասաց կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:
Արդեն 5-րդ տարին անցկացվող «Երեւանցիները Երեւանի մասին» հետազոտության նպատակն է գնահատել Երեւանի քաղաքապետարանի եւ ոստիկանության աշխատանքը: Այս տարի այն անցկացվել է դեկտեմբերի 7-19–ը:
Հետազոտության շրջանակում «որո՞նք են Երեւանի առջեւ կանգնած ամենակարեւոր խնդիրները» հարցին մասնակիցների 24,6%-ը նշել է հասարակական տրանսպորտի խնդիրները, մասնավորապես, տրանսպորտի տեխնիկական վիճակը եւ ծանրաբեռնվածությունը: 10,8 տոկոսը դժգոհ է կոմունալ ծառայությունների վարձերից, 9,8 տոկոսը՝ բնապահպանական վիճակից, 8,3 տոկոսը՝ աղբահանությունից, 7,3 տոկոսը՝ ապօրինի շինարարությունից, 5,4 տոկոսը՝ բուժհաստատությունների ծառայություններից։
Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը վստահեցրեց, որ քաղաքապետարանն այժմ աշխատում է քաղաքային տրանսպորտի վիճակը բարելավելու ուղղությամբ։
«Ասիական զարգացման բանկի հետ արդեն ունենք ընտրված խորհրդատու, մի քանի օրվա ընթացքում կկազմակերպվի գործընթաց՝ խորհրդատուի հետ պայմանագիրը կնքելու ուղղությամբ: Արտասահմանյան խորհրդատուն կպարտավորվի վեց ամսվա ընթացքում մեզ ներկայացնել փաթեթը, որը պարունակում է վերլուծություններ, հաշվարկներ, եւ, ամենակարեւորը, նոր երթուղային ցանցի ստեղծում»,- ասաց Հարությունյանը:
Երթուղային նոր ցանցի ստեղծումից հետո կմշակվեն դրա իրականացման համար անհրաժեշտ փոփոխությունները. «Պետք է վերլուծել տրանսպորտային պարկի քանակությունը, նրանց տեխնիկական վիճակը, ուղեւորահոսքը, ինչու՞ չէ՝ նաեւ էլեկտրոնային միասնական տոմսի գաղափարը, որի արդյունքում կկարողանանք ունենալ եվրոպական չափանիշներին համապատասխան երթուղային համակարգ»։
Քաղաքապետարանի ներկայացուցչի խոսքով՝ գործողությունների փաթեթը նախ կդրվի հանրային քննարկման։





























