Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը պետք է Ռուսաստանի նախագահը մնա նաեւ 2018-ից հետո։ Այս մասին նա  գրել է իր Instagram-ում։

«Վլադիմիր Պուտինը ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ նախագահական հաջորդ ընտրություններին իր մասնակցության հարցը կլուծվի, երբ կհասունանա իրադրությունը, հաշվի առնելով, ինչ է կատարվում երկրում ու աշխարհում, ու թե ինչ է արվել ու ինչ կարելի է անել։ Դա շատ ճիշտ մոտեցում է, ճիշտ որոշում։ Բայց Վլադիմիր Վլադիմիրին մեր երկրում ու ամբողջ աշխարհում անբեկանելի հեղինակություն է վայելում․․․»,- գրել է Քադիրովը։

Նա պարզաբանել է, որ Պուտինը կարող էր երկիրը հանել խորը ճգնաժամից։

«Անհրաժեշտ եմ համարում արտահայտել իմ տեսակետը, որը հիմնված է Չեչնիայի բոլոր բնակիչների ու վստահ եմ նաեւ միլիոնավոր ռուսաստանցիների կարծիքի վրա ՝ Պուտինը պետք է մեր համաժողովրդական թեկնածուն լինի հաջորդ ընտրություններում ու կառավարի Ռուսաստանը նաեւ 2018-ից հետո։ Ինչո՞ւ եմ ես ասում այդ մասին։ Որովհետեւ գիտեմ ժողովրդի կարծիքը ու որովհետեւ Վլադիմիր Պուտինը պարտավոր է մասնակցել ընտրություններին, քանի որ դա է ժողովրդի, ռուս ժողովրդի կամքը։ Այլ մոտեցումն այս փուլում կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ, եթե հաշվի առնենք ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի երկրների բացահայտ թշնամական գործողությունները, որոնք չեն թաքցնում, որ ուզում են Ռուսաստանը վերածել ոչ թե երրորդ, այլ տասներորդ կարգի երկրի»,- ամփոփել է Քադիրովը։