ԱՄՆ պաշտպանության նախարարության 2017 թվականի ֆինանսավորումը ներառում է օտարերկրյա քարոզչության դեմ պայքարի հատուկ կենտրոնի ստեղծումը: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է համապատասխան օրենքը:
Օրենքի 1259С հոդվածի համաձայն՝ բյուջեից միջոցներ է հատկացվում կենտրոն ստեղծելու համար, որը «ջանքեր է ներդնելու օտարերկրյա քարոզչությանը եւ կեղծ տեղեկատվության տարածմանը հետեւելու համար, որի նպատակն ԱՄՆ-ի ազգային շահերի խափանումն է»:
Կենտրոնը նաեւ զբաղվելու է «նման արշավների դեմ պայքարի ռազմավարության մշակմամբ»:
Մասնավորապես, կենտրոնի իրավասության ներքո կլինի «դրամաշնորհների տրամադրումը քաղաքացիական հասարակության խմբերին, լրագրողներին, ՀԿ-ներին, մասնավոր ընկերություններին, ինչպես նաեւ վերլուծությամբ, տեղեկությունների հավաքադրմամբ զբաղվող ակադեմիական ինստիտուտներին»,- ասված է 2017 թվականի պաշտպանական բյուջեում:





























