Ֆրանսիայի Ազգային ճակատի առաջնորդ Մարի Լե Պենը հայտնել է, որ երկիրը պետք է դուրս գա ՆԱՏՕ-ից ու ԵՄ-ից, իսկ եվրոյի գոտին լքի մյուս պետությունների հետ միաժամանակ, հայտնում է «ՌԻԱ ՆՈվոստին»։

«Frexit -ը լինելու է իմ քաղաքականության մի մասը»,- ասել է նա հունական «Կիրյակատիկի Դիմոկրատիա» թերթին տված հարցազրույցում, հաստատելով նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրությունները։

Ֆրանսիայում նախագահական ընտրություններն անցնելու են 2017-ի ապրիլին ու մայիսին։ Լե Պենը համարվում է նախագահի պաշտոնի համար գլխավոր թեկնածուներից մեկը։

Նրա կարծիքով, եթե Ֆրանսիան դուրս գա ԵՄ-ից ու եվրոգոտուց, նույնը պետք է անեն նաեւ Պորտուգալիան, Իտալիան, Իսպանիան, Իռլանդիան, Հունաստանը ու Կիպրոսը։ Նա նաեւ հավելել է, որ իդեալական կլիներ, եթե բոլոր երկրները դուրս գան եվրոգոտուց , ու ասել, որ կփորձի համոզել նրանց։

«Մարդիկ պետք է հնարավորություն ունենան քվեարկել Բրյուսելի տեխնոկրատների կողմից շանտաժից ու ստրկացումից ազատվելու օգտին ու վերականգնել երկրի ինքնիշխանությունը։ Անգլիացիները հասկացել են դա ու քվեարկել ԵՄ-ից դուրս գալու օգտին, չնայած նրանք երբեւէ ֆունտը եվրոյով չէին փոխարինել»,- ասել է Մարին Լե Պենը։

Նա համարում է , որ եվրոն ոչ թե զուտ արժույթ է, այլ շանտաժի գործիք։ Նա համարում է, որ ԵՄ-ն պետք է դառնա ազգային ինքնիշխանությունը հարգող պետությունների ազատ կոնֆեդերացիա, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը պետք է վերացվի։

Լե Պենը նաեւ հայտնել է, որ իր ընտրվելու դեպքում Ֆրանսիան չի մնա ՆԱՏՕ-ում, քանի որ այդ կազմակերպությունն արդեն իմաստազրկվել է։ «Այն ստեղծվել էր, երբ կար Վարշավյան պայմանագրի ու Խորհրդային միության էքսպանսիայի սպառնալիքը։ Իսկ հիմա Վաշինգթոնը ՆԱՏՕ-ի գոյությունը պահպանում է Եվրոպայում իր նպատակների սպասարկման համար»։

Լե Պենը հավելել է, որ հարգում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին։