Ըստ Deniere heure թերթի՝ նախատոնական հարցման արդյունքները վկայում են, որ բելգիացնիների առնվազն կեսը ամանորյա գնումներ կատարելիս ստրեսս է ապրում՝ նրանց նյարդայնացնում են դրամարկղերի մոտ գոյացող հերթերը, (68%), գնորդները (63%), արդեն վաճառված ապրանքատեսակների բացակայությունը (50%) և այլն: Ամեն հինգերորդ բելգիացին կարծում է, որ խանութներում վաճառողները շատ քիչ են, հարցման մասնակիցների ևս 13 տոկոսը դժգոհ է վաճառասրահների աշխատակիցների անհանդուրժողականությունից կամ վատ տրամադրությունից, իսկ 35%-ն էլ ընդհանրապես նախընտրում է գնումներ կատարելը վստահել իրենց մտերիմներին: Հարցվողների 33%-ը պատրաստվում են Սուրբ Ծնունդը դիմավորել ընկերների տանը: Մինչդեռ հյուրընկալողների 75%-ը պատրաստվում է զարմացնել հյուրերին սեփական ձեռքերով պատրաստված կերակրատեսակներով: Ուշագրավ է, որ բելգիացիների 80%-ը կաթոլիկ Սուրբ Ծննդի (դեկտեմբերի 25-ին) տոնակատարությունների համար գնում է չափազանց մեծ ծավալի սննդամթերք, որը տոների ընթացքում սպառելը պարզապես անհնար է: Ինչ վերաբերում է Սուրբ Ծննդյան կերակրատեսակների ցանկին, ապա Բելգիայի բնակիչների սեղաններին ավանդաբար այս տոնին կարելի է տեսնել լցոնած հնդկահավ, սագի լյարդ, օմար, տորթ և շամպայն:
Մեկ այլ հարցման համաձայն՝ այս տարի միջին ստատիստիկ բելգիական ընտանիքը Սուրբ Ծննդյան նվերների և կերակրատեսակների գնման վրա կծախսի 591 եվրո՝ անցած տարվա 631-ի փոխարեն, ինչը 6%-ով պակաս է: Բելգիացիները ավանդաբար Սուրբ Ծննդին միմյանց նվիրում են կանխիկ գումար, օծանելիք ու կոսմետիկա, գրքեր, տարատեսակ շոկոլադներ և ալկոհոլային խմիչքներ: Վիճակագրության համաձայն՝ Բելգիայի բնակչության 89%-ը տոնում է Սուրբ Ծնունդը, իսկ 77%՝ Ամանորը:





























