Երեւանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի վերելակում հոկտեմբերի 30-ին արգելափակված 62-ամյա Ռիտա Դոդոյանի դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի Էրեբունի բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը: Նա նշեց, որ հիվանդը հետագա բուժումը կստանա տանը։

«Վիճակը բարվոք է, արդեն դուրս է գրվել։ Նա բուժումը կշարունակի տանը, կլինի բժիշկների հսկողության տակ»,-ասաց նա:

NEWS.am-ին Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական բաժնից տեղեկացրել էին, որ  վերելակը արգելափակվել է տեխնիկական պատճառով՝ վերելակի վթարը տեղի է ունեցել, մասնավորապես, ռելեի շղթայի խափանման պատճառով։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի վերելակի վերին հատվածի եւ 6-րդ հարկի հատակի միջակայքում արգելափակվել է 62-ամյա քաղաքացի, որը տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Հիվանդանոցում կնոջ ոտքը վիրահատել էին։

Կինն ուներ սրունքի բաց կոտրվածք, թոքերի սալջարդ, կողերի եւ ամրակի կոտրվածք: