Այսօր հայ ժողովրդի 90 տոկոսը, եթե ոչ ավելին, ընդդիմադիր է իշխանությունների նկատմամբ։ Այս մասին դեկտեմբերի 24-ին «Հայկական վերածնունդ» կուսակցության երիտասարդական թեւի համագումարի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասել է կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը։

Նրա խոսքով, այդ 90 տոկոսի շահերը սպասարկում են հասարակական ու քաղաքական տարբեր կառույցներ։ «Այնպես որ յուրաքանչյուր կուսակցություն պետք է ներկայացնի իր մոտեցումները, իր ընկալումը, իսկ հասարակությունը կլսի դրանք ու կգնահատի»,- նշել է Բաղդասարյանը։ Առնվազն 15 նոր անուն է ընթերցվել «Հայկական վերածնունդ» կուսակցության երիտասարդական թեւի համագումարի ժամանակ, շարունակեց նա ։ «Նրանք բոլորը նոր մարդիկ են՝ նրանք կասեն իրենց նոր ասելիքը։ Մեր երկիրն էլ է երիտասարդ։ Եվրոպական քաղաքակիրթ երկրներում քաղաքական գործընթացները անցնում են նույն տրամաբանությամբ։ Կան նոր մարդիկ, նոր խոսք, կան հին մարդիկ, հին առաջնորդներ, հասարակությունը գիտի բոլորին ու կտա իր գնահատականը»,- ամփոփեց Արթուր Բաղդասարյանը։