Թալիշում ապրիլի 3-ին ծանր վիրավորված Ռոլանդ Սահակյանը շարունակում է բուժումը Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ռոլանդի հայրը՝ Քաջիկ Սահակյանը, հայտնեց, որ որդու վիճակի մեջ որեւէ փոփոխություն չկա։

«Հիմա մտածում ենք միայն, որ այս մի քանի օրվա ընթացքում բարդություններ չառաջանան, որ կարողանանք Ռոլանդին տուն տանենք, Ամանորը տանը դիմավորի տղաս, չեմ ուզում հոսպիտալում այդ օրերին»,- ասաց վիրավոր զինծառայողի հայրը:

Շուրջ 9 ամիս ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում գտնվող Ռոլանդը գամված է անկողնուն, նույնիսկ կանգնելու մասին շատ վաղ է խոսելը։ Բժիշկները հորդորում են սպասել։ Նշենք, որ Ռոլանդն այս ընթացքում բազմաթիվ վիրահատությունների է ենթարկվել։

Ի դեպ, ըստ Պաշտպանության նախարարության ավելի վաղ տարածած պաշտոնական հաղորդագրության՝ քննարկվում է Ռոլանդին արտերկիր տեղափոխելու հարցը: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ ականապայթյունային համակցված թորակոաբդոմինալ վիրավորում ստացած եւ ապրիլի 5-ին ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք տեղափոխված N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ռոլանդ Սահակյանի վերականգնողական բուժումն արտերկրում կազմակերպելու ուղղությամբ եւս կատարվել են համապատասխան հարցումներ, ստացվել է համապատասխան դիրքորոշում: Անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթն ուղարկվել է ՀՀ առողջապահության նախարարություն` արտերկրում վերականգնողական բուժման հարցը սահմանված կարգով քննարկելու համար: Ռոլանդ Սահակյանի հարազատները եւս տեղեկացված են արտերկրում վերականգնողական բուժումը կազմակերպելու ուղղությամբ կատարվող աշխատանքերի մասին: Սահակյաններն այդ մասին տեղյակ չեն։

Հիշեցնենք, որ դեռեւս ապրիլին կայացրած որոշումը, թե վիրավոր զինծառայողները, որոնց բուժումը հնարավոր չէ Հայաստանում ապահովել, կտեղափոխվեն արտերկիր: