Անչափահաս եղբորը դանակահարելու մեջ մեղադրվող Գագիկը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման։ Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել պատիժը պայմանականորեն չկիրառել։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Գագիկը փետրվարի 12-ին ուշ երեկոյան վիճել է անչափահաս եղբոր հետ, ծխախոտի տուփը շպրտել նրա ուղղությամբ։ Վիճաբանությանը միջամտել է մայրը, Գագիկը գոռգոռացել է մոր վրա եւ հրել նրան, ինչից զայրացած եղբայրը բռունցքով հարվածել է Գագիկին։ Այդ ժամանակ Գագիկը վերցրել է հուշանվեր դանակը և մոտենալով եղբորը՝ դանակով հարվածել նրան։

Գագիկը դատարանում ընդունել է իր մեղավորությունը։ Հաշվի առնելով դա՝ դատարանը որոշել է 3 տարվա պայմանական ազատազրկման դատապարտել 19-ամյա երիտասարդին։