Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իր ավանդական Urbi et Orbi («Քաղաքին եւ աշխարհին») ուղերձով կոչ է արել դադարեցնել Սիրիայում պատերազմը, պաղեստինա-իսրայելական եւ այլ հակամարտությունները, որոնք աշխարհում ընթանում են: Այս մասին հայտնում է «Ռադիո Վատիկանը»:
«Ժամանակն է, որ զենքերը վերջնականապես լռեն, իսկ միջազգային հանրությունը սկսի ակտիվորեն գործել՝ լուծման հասնելու բանակցությունների միջոցով եւ Սիրիայում վերականգնելու քաղաքացիական համակեցությունը»,- դիմելով հավատացյալներին ասել է Հռոմի պապը:
Ֆրանցիսկոսն ընդգծել է, որ Սիրիայում «շատ է արյուն հեղվել, հատկապես Հալեպում, որը վերջին շաբաթներին դարձել էր դաժան մարտերի ասպարեզ»: Հռոմի պապը կոչ է արել նաեւ իսրայելցիներին եւ պաղեստինցիներին «գրելու պատմության նոր էջ, որտեղ ատելությունն ու վրեժխնդրությունն իրենց տեղը կզիջեն ապագան միասին կառուցելու ցանկությանը՝ նշանավորված փոխըմբռնմամբ եւ ներդաշնակությամբ»:
Հովվապետը խաղաղություն է մաղթել նաեւ նրանց, ովքեր «մինչ օրս իրենց վրա են զգում արեւելյան Ուկրաինայում հակամարտության հետեւանքները, որտեղ անհետաձգելիորեն պահանջվում է ընդհանուր կամք դրսեւորել բնակչությանը սփոփելու եւ ստանձնած պարտավորությունները կատարելու համար»:
«Համաձայնություն ենք աղերսում թանկագին կոլումբիացի ժողովրդի համար, որը ձգտում է յուրացնել երկխոսության եւ հաշտության նոր եւ համարձակ ուղին: Թող այդ համարձակությունը ոգեշնչի նաեւ սիրելի Վենեսուելային՝ ձեռնարկելու ներկայիս լարվածությունը դադարեցնող քայլեր եւ միասին կառուցելու ամբողջ բնակչության հուսալի ապագան:
Խաղաղություն բոլոր նրանց, ովքեր երկրի տարբեր կետերում տառապում են մշտական վտանգների եւ չդադարող անարդարության պատճառով: Թող Մյանման ջանքերը միավորի, որպեսզի նպաստի խաղաղ համագոյակցությանը եւ միջազգային հանրության աջակցությամբ անհրաժեշտ պաշտպանություն ու հումանիտար օգնություն ապահովի նրանց համար, ովքեր դրա լուրջ եւ անհետաձգելի կարիքն ունեն: Թող Կորեական թերակղզին կարողանա համագործակցության թարմացված ոգով հաղթահարել իրենց ճնշող տարանջատումը»,- նշել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել աշխարհում հակամարտությունները դադարեցնել

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























