Կիրակի Ֆիլիպինների արեւելյան շրջանները պատուհասած «Նոկ-Տեն» թայֆունը խլել է 4 մարդու կյանք եւ ավերել մի քանի տուն, հայտնում է Associated Press-ը:
Գործակալության տեղեկություններով՝ թայֆունի պատճառով հինգ նահանգներում մարդիկ Սուրբ Ծնունդը տոնելու թեժ պահին առանց էլեկտրականության են մնացել: Մեկ մարդ զոհվել է Քեսոն նահանգում, եւս երեք մարդ՝ Ալբայ նահանգում:
Կիրակի քամու ուժգնությունը փոքր-ինչ թուլացել է, բայց, միեւնույն է, հասել է ժամում 130 կմ-ի՝ մինչեւ ժամում 215 կմ արագությամբ քամու պոռթկումներով: Թայֆունը երկուշաբթի առավոտյան անցել է Մանիլայից հարավ գտնվող խիտ բնակեցված Բատանգաս եւ Կավիտե նահանգներով: Ակնկալվում է, որ օրվա ընթացքում այն կհեռանա Հարավչինական ծովով:
Բատանգասի մերձափին փոթորկի պատճառով օգնության ռադիոահազանգ է ուղարկել աղետի ենթարկված բեռնատար նավի անձնակազմը, որի անդամների թիվը չի հստակեցվել: Նույն նահանգում մեկ այլ նավ խրվել է կավճի մեջ, հայտնել է մերձափնա պահպանությունը: Երկու դեպքում էլ նրանց օգնելու են մեկնել փրկարար ջոկատներ:



























