Սեյրան Օհանյանի որոշելիքն է` իր հետագա քայլերը, սա քաղաքական խումբ փոխել է, թե փոխել չէ, դա ինքն է որոշելու: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանը հայտարարել է քաղաքական գործունեության մեջ ակտիվ մասնակցության մասին: Առայժմ հայտնի չէ, թե ինչ ձեւաչափով է Սեյրան Օհանյանը մասնակցելու քաղաքական գործընթացներին:
«Սեյրան Օհանյանի ոլոշելիքն է` իր հետագա քայլերը, սա քաղաքական խումբ փոխել է, թե փոխել չէ, դա ինքն է որոշելու: Եթե ցանկություն ունի, դա իր իրավունքն է: Տեսնենք, ինձ հետաքրքիր է, թե ներքին զարգացումների առումով ինչ ձեւաչափով ու թիմով է նա գալու ասպարեզ»,- ասաց Աղվան Վարդանյանը: Հարցին, թե հնարավո՞ր է պատկերացնել Սեյրան Օհանյանին ընդդիմադիր դաշտում, պատգամավորը նշեց, որ յուրաքանչյուր մարդ ինքն է որոշելու իր օրակարգը:
«Եթե Սեյրան Օհանյանը կստեղծի ձեւաչափ, միավորում եւ իր խնդիրները կձեւակերպի որպես ընդդիմություն, ուրեմն կդառնա ընդդիմություն, բայց կրկնում եմ, Սեյրան Օհանյանը նոր չէ քաղաքականության մեջ, նա եղել է քաղաքական թիմի անդամ»,- ասաց Աղվան Վարդանյանը:
Հարցին, թե արդյո՞ք խորհրդարանական ընտրություններից հետո ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիա կկազմի, Աղվան Վարդանյանը նշեց, որ այսօր ՀՅԴ-ն իր առջեւ դրել է խնդրների մի համախումբ, եւ կախված ընտրությունների արդյունքներից, պարզ կլինի նաեւ կոալիցիայի հարցը:
«Դուք գիտեք, որ քաղաքական համաձայնագիրն անժամկետ է, եւ եթե ԱԺ ընտրությունների արդյունքները հնարավորություն կտան, ապա ՀՅԴ-ն կկարողանա լուծել իր առջեւ դրած խնդիրները: Հանրապետական կուսակցությունը շատ բազմաշերտ, բազմատարր ու բազմադեմ քաղաքական ուժ է, ինչպես ցանկացած իշխանության ուժ, բայց այն խնդիրները, որոնք կարողացել ենք միասին ձեւակերպել, դրանք մեր երկրին անհրաժեշտ հիմնարար խնդիրներ են»,- ասաց Աղվան Վարդանյանը:





























