Տարեվերջին Հայաստանում էական գնաճ չի գրանցվի։ Լրագրողների հետ զրույցում, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, նման կարծիք հայտնեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ իր այս կանխատեսումը բացատրելով նոր կառավարության ավելի կոշտ դիրքորոշմամբ։

«Գործատուները հասկացել են, որ այս կառավարությունը ավելի վճռական է, այդպիսի բաները կարող է չների, ավելի օբյեկտիվ կարող են աշխատել տեսչական մարմինները եւ մրցակցային հանձնաժողովը»,– ասաց նա։

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Մյուս կողմից, գործատուների միության նախագահի կարծիքով, հայ գործատուները հասկացել են, որ բիզնեսի տեսանկյունից չթանկացնելն ավելի ձեռնտու է։

«Հասկացել են, որ գներն էժանացնելով, կամ նույնը թողնելով ավելի շատ կվաճառեն»,– ասաց նա։

Լրագրողների դիտարկմանը, թե ընդեղենն արդեն էապես թանկացել է, Մակարյանն ասաց, որ դա նաեւ օբյեկտիվ պատճառներ ունի, որոնցից մեկը եղանակային վատ պայմանների պատճառով Վերին Լարսում ստեղծված իրավիճակն է եւ բեռնափոխադրումների ուշացումները։