Դեկտեմբերի 20-ին պաշտոնապես գրանցված «Օպերատորների Հայկական Միություն» իրավաբանական անձանց միությունը նպատակ ունի Հայաստանում ICANN -ի (Ինտերնետային դոմենային անունների գրանցմամբ զբաղվող միջազգային կազմակերպություն) տարածաշրջանային գրասենյակը Հայաստան տեղափոխել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց միության գործադիր տնօրեն Վահան Հովսեփյանը:
«2019թ.-ին Հայաստանում կայանալու է ՏՏ համաշխարհային համաժողովը (WCIT): Այս առումով մենք եւ մեր գործընկերները պետք է այնպիսի համապարփակ ծրագիր ունենանք, որպեսզի այն մեզ որոշակի բենեֆիթներ բերի: Մենք ցանկանում ենք այդտեղ ունենալ արդյունք, օրինակ, որեւէ խոշոր միջազգային ընկերության՝ Հայաստանում մասնաճյուղ բացելու հեռանկար: Բայց դա մեկ միջոցառումով հնարավոր չէ իրականացնել: Հարկավոր է հայաստանյան եւ դրսի բոլոր միջոցառումներն օգտագործել՝ առաջացնելով Հայաստանում մասնաճյուղեր բացելու ցանկություն»,- ասել է Վահան Հովսեփյանը:
Խոսելով Միության ստեղծման պատճառների մասին՝ «Օպերատորների Հայկական Միության» գործադիր տնօրենն ասել է, որ «Օպերատորների Հայկական Միություն» իրավաբանական անձանց միության» ստեղծման պատճառը նեղ ոլորտային խնդիրների լուծումն է, ինչպես նաեւ ժամանակի մարտահրավերներին պատրաստվելն է:
«Ներկայիս մարտահրավերներից կարեւորագույնն այն է, որ մենք գտնվում ենք թվային 2-րդ հեղափոխության շեմին, որի անքակտելի մասերից են հեռահաղորդակցության ոլորտի զարգացումը, ինչպես նաեւ տեխնոլոգիական ստանդարտների ներդրումը: Գոյություն ունեցող ասոցացիաները այս խնդիրները առաջնային չեն համարում, այդ պատճառով էլ մենք որոշեցինք հիմնել Միությունը, որը կգա ոչ թե մրցակցելու ԻՏՁՄ կամ նմանատիպ ասոցացիաների հետ, այլ լրացնելու բացը՝ ինչու չէ, համագործակցելով եւ անդամակցելով նրանց»,- ասաց Վահան Հովսեփյանը:
«Օպերատորների Հայկական Միությանն» արդեն անդամակցել են «Արանեա», «Արփինետ», «Արմինկո», «Հիբրիդ Սոլյուշնս», «Ինտելինկ», «Սմայլ Սիստեմս» եւ «Աշտարակ Էլիտ» ընկերությունները, իսկ «ՋիԷնՍի-Ալֆա» ընկերությունն արդեն իսկ ներկայացրել է անդամակցության հայտ եւ ներգրավվել միության կազմում։
Ակնկալվում է, որ մինչեւ տարեվերջ միության անդամների թիվը կհասնի 20-ի։





























