ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են «Կրպակ» սուպերմարկետում տեղի ունեցած կողոպուտի մի շարք հանգամանքեր, հայտնաբերվել գողոնի հիմնական մասը:
2016 թ. դեկտեմբերի 20-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 09:00-ի սահմաններում բռնություն է գործադրվել Երեւան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 188/5 հասցեում գտնվող «Կրպակ» սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի աշխատակցուհու նկատմամբ եւ հափշտակվել նրա ձեռքին գտնվող տոպրակը, որի մեջ եղել է առանձնապես խոշոր չափի գումար՝ 7 մլն դրամ։
ՀՀ ՔԿ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ: Արդյունքում՝ պարզվել են քրեական գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, պարզվել առերեւույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը։
2016թ. դեկտեմբերի 22-ին վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել 30-ամյա Վանյանը՝ նշված կողոպուտը կատարելու կասկածանքով։ Վերջինս հարցաքննվել է, ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։
Նախնական քննությամբ պարզվել է, որ կողոպուտի իրականացմանն անմիջական մասնակցություն է ունեցել 26-ամյա մեկ այլ երիտասարդ, իսկ 30-ամյա Վանյանը նրան օժանդակել է։
Դեկտեմբերի 23-ին Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին է ներկայացել 26-ամյա երիտասարդը՝ հոր հետ եւ պոլիէթիլենային տոպրակով ներկայացրել գումարը՝ հայտարարելով, որ այն 2016 թ. դեկտեմբերի 20-ին իր կողմից «Կրպակ» սուպերմարկետից բացահայտ հափշտակված գումարն է։ Քննիչի կողմից կազմվել է «ինքնակամ ներկայանալու մասին արձանագրություն»։ Զննվել է կասկածյալի ներկայացրած տոպրակը, որի մեջ գտնվել է 6 մլն 360 հազար դրամ, 31 ԱՄՆ դոլար, 40 լարի, 610 եվրո։
Կասկածյալի մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:


































