Երեւնի քաղաքապետարանը պնդում է, թե այսօր ողջ օրվա ընթացքում մայրաքաղաքի կոմունալ ծառայությունները արտակարգ ռեժիմով բոլոր վարչական շրջաններում շարունակել են արագորեն մաքրել անդադար տեղացող ձյունը:

Գլխավոր, երկրորդական փողոցների ու բակերի ձնամաքրման աշխատանքները հիմնականում կազմակերպվել են «Սանիթեք» ընկերության մեքենասարքավորումներով, որոնք նաեւ աղի ու շլաքային ավազի խառնուրդներ են շաղ տալիս:

Մայթերի, անցումների ու կանգառասրահների մաքրման գործին ներգրավվել են նաեւ  վարչական շրջանների կոմունալ ծառայությունների հատուկ տեխնիկան, ինչպես նաեւ համատիրությունների աշխատակիցները: Ինչպես տեղեկացնում են քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությունից, չնայած առատ տեղումներին, մայրաքաղաքում բոլոր փողոցները երթեւեկելի են: Աշխատանքների ընթացքը տեղերում համակարգում են վարչական շրջանների ղեկավարները, Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության եւ հատուկ օպերատիվ շտաբի աշխատակիցները:

Աշխատանքներն այս պահին էլ շարունակվում են եւ կընթանան ողջ գիշերվա ընթացքում, ըստ էության՝ շուրջօրյա ժամանակացույցով: