Մասիս քաղաքն ունի մի շարք խնդիրներ, որոնց լուծման համար զարգացման նոր ծրագիր է մշակվում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Մասիս քաղաքի նորընտիր քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։

Ըստ քաղաքապետի՝ քաղաքի խնդիրները հիմնականում սոցիալական են: Քաղաքապետի մշակած նոր զարգացման ծրագիրը կներկայացվի նրա պաշտոնավարման 100-րդ օրը: «Մասիսի զարգացման ծրագիր եմ մշակում: Ներդրողներ եմ փորձում գտնել, որոնք գործարաններ կկառուցեն քաղաքում»,- ասաց նա։

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Դավիթ Համբարձումյանը նպատակ ունի նաեւ փոքր ձեռներեցությունը խթանել քաղաքում։ Նա տեղեկացրեց, որ զարգացման ծրագրի մեջ կա նաեւ նպատակ Մասիսը դարձնել Հայաստանի համար մեծ շուկա։

«Ծրագիր ունեմ Մասիսը դարձնել մեծ շուկա՝ Հայաստանի համար մեծ բազա։ Երբ հասնենք նրան, որ Հայաստանում վաճառվող ամբողջ ապրանքը վաճառվի Մասիսի տարածաշրջանում, էդ ժամանակ եւ՛ կլուծվի բնակիչների զբաղվածության հարցը, եւ՛ համայնքի բյուջեն կմեծանա»,- ասաց Համբարձումյանը։

Նա նշեց, որ նախատեսվում է նաեւ քաղաքը ավելի գրավիչ դարձնել զբոսաշրջիկների համար, մասնավորապես պետք է կառուցապատվի քաղաքի հրապարակը։

«Մասիսի հրապարակը բարձիթողի վիճակում է։ Նպատակ ունեմ այն վերականգնել եւ այնպիսի կառույց տեղադրել հրապարակում, որը կգրավի տուրիստներին։ Մանրամասները դեռ չեմ ուզում բարձրաձայնել, բայց նախագիծը Եվրոպայում մրցանակի է արժանացել»,- նշեց նա։

Համբարձումյանի խոսքով, ծրագրի իրականացման համար բյուջեի հետ կապված որեւէ խնդիր չկա․ «Ես խոստանում եմ այն, ինչը վստահ եմ, որ կարող եմ անել»։