2016 թ. դեկտեմբերի 27-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.25%:
2016 թ. նոյեմբերին արձանագրվել է 1.0% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.6%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնանկումը շարունակել է մեղմվել՝ կազմելով 0.6%: Այնուամենայնիվ, ԿԲ գնահատումների համաձայն մոտակա ամիսներին գնանկումային միջավայրը դեռեւս կպահպանվի:
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը, իսկ միջազգային ապրանքային շուկաներում շարունակել են արձանագրվել գնաճային զարգացումներ: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից էական գնաճային ազդեցություններ դեռեւս չեն ակնկալվում: Այդուհանդերձ, առկա են որոշակի գնաճային ռիսկեր՝ կապված ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքի բարձրացման ընթացքի եւ զարգացող երկրների վրա դրա ազդեցության հետ:
Խորհուրդն արձանագրում է, որ տնտեսական ակտիվության տեմպերը շարունակում են դանդաղել՝ հիմնականում պայմանավորված առաջարկի գործոններով, մասնավորապես՝ գյուղատնտեսության ճյուղի՝ սպասվածի համեմատ առավել խորը նվազմամբ: Աստիճանաբար շարունակվում է նաեւ ներքին պահանջարկի վերականգնումը՝ առավելապես ի հաշիվ 2015-2016 թթ-ի ընթացքում իրականացված խթանող դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությունների: Այդուհանդերձ, Դրամավարկային քաղաքականության չորրորդ եռամսյակի ծրագրով նախանշված որոշ գնանկումային ռիսկեր դառնում են ավելի առարկայական, այդ թվում՝ գնաճային սպասումների նվազումը եւ փետրվարին ակնկալվող էլեկտրաէներգիայի սակագնի իջեցումը, որոնք առավել հավանական են դարձնում 2017 թ. համար նախանշված գնաճի՝ կանխատեսման միջակայքի ստորին հատվածում պահպանվելը: Այս պարագայում, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում հերթական անգամ թուլացնել դրամավարկային պայմանները:
Խորհուրդը կարծում է, որ իրականացված դրամավարկային քաղաքականությունը բավարար խթաններ է ձեւավորել 2017 թ. գնանկումային միջավայրը հաղթահարելու եւ կանխատեսվող հորիզոնում գնաճի նպատակի իրագործման համար:
Միեւնույն ժամանակ ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ տոկոսադրույքները բավականին նվազել են եւ ավանդական դրամավարկային քաղաքականության հնարավորությունները ներկայումս սահմանափակված են, սակայն ԿԲ-ն հավատարիմ է մնում գների կայունությունն ապահովելու իր գլխավոր նպատակին եւ անհրաժեշտության դեպքում իր ողջ գործիքակազմով համարժեքորեն կարձագանքի՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:
Լոմբարդային ռեպոների եւ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 7.75 % եւ 4.75 %:






























