Երեւանի «Սլավմեդ» բժշկական կենտրոնում կեսարյան հատումից մեկ օր անց՝ հուլիսի 27-ին, մահացած 28-ամյա Տաթեւ Գասպարյանի գործով նշանակված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունը դեռեւս չի ստացվել: NEWS.am-ի հետ զրույցում, սակայն, Տաթեւ Գասպարյանի ամուսինը` Նորայր Հարությունյանը, նշեց, որ հանձնաժողովի անդամներն ամեն ինչ անում են «Սլավմեդի» բժիշկներին արդարացնելու համար:

«Մենք մասնակցել ենք հանձնաժողովի նիստին, Հանրապետության լավագույն մասնագետներն ամեն ինչ անում են, որ արդարացնեն բժիշկներին, նախնական ասում են, որ արյան պլազմայի անհամապատասխանություն է եղել: Այժմ կարելի է ասել, որ կասեցրել են փորձաքննությունը, որպեսզի մտածեն, թե ոնց հիմնավորեն իրենց այս վարկածը: Ակնհայտ է, որ պլազմայի անհամապատասխանության հավանականությունը բացակայում է, քանի որ երբ պլազման սառեցնում են, որպեսզի սառեցված վիճակում պահեն բոլոր ագլյուտինոգենները, որոնք կարող են պլազմայի անհամապատասխանության պատճառ լինեն, վերանում են և ի վերջո ինչու պիտի հասներ նրան, որ արյան կամ պլազմայի փոխներարկման կարիք լիներ, որ ամեն «բաշիբոզուկի» բժշկի դիպլոմ են տալիս ու հանրապետության գլխավոր մասնագետի կոչում, դրա համար էլ այսպես է լինում, նման անգրագետները միշտ էլ մեկը մյուսին պահում են»:

Բացի դրանից, մենք համոզված ենք, որ բժշկական անփութություն է եղել»,- ասաց նա:

Չնայած պատասխանը դեռ չի ստացվել, մահացած ծննդկանի հարազատներն արդեն իսկ փաստեր են հավաքում եզրակացությունը բողոքարկելու համար: Նշենք, որ փորձագետները պետք է պարզեն` ինչքանով են ԲԿ-ի 3 մասնագետներ կատարել իրենց պարտականությունները, արդյոք նրանցից որեւէ մեկը թերացել է: Խոսքը մասնավորապես առաջին հերթին երիտասարդ բժշկուհի Լիանա Դաղբաշյանի մասին է, որը ըստ հիվանդության պատմագրի, կատարել է կեսարյան հատումը: Երկրորդ բժիշկը ծննդատան բաժանմունքի վարիչ Վարդան Ռափյանն է, որն ըստ նույն պատմագրի, եղել է Դաղբաշյանի օգնականը վիրահատության ժամանակ: Չնայած պատմագրում այդ մասին նշված է, մահացած ծննդկանի հարազատները չեն հավատում. ինչպես կարող է բաժանմունքի վարիչը լինելը ընդամենը օգնական: Երրորդը վիրահատությունից հետո հերթապահած բուժքույրն է, որը ծննդկանի մոր պատմելով՝ առաջարկել է արդեն վատ վիճակում գտնվող դստերը սուրճ խմել եւ շոկոլադ ուտել:

Ըստ դաաբժշկական փորձաքննության եզրակացության՝ կեսարյան հատման ժամանակ անոթի ամբողջականությունն է խախտվել, ինչն էլ չեն վերականգնել, որն էլ հանգեցրել է երիտասարդ կնոջ մահվան։

Ավելի վաղ Տաթեւի մայրը մեզ հետ զրույցում պատմել էր, որ կեսարյան հատման ցուցում չի եղել, պարզապես բժշկուհին համոզել է՝ այդպես ավելի ապահով կլինի երեխայի համար։ Մոր խոսքով՝ վիրահատությունը նորմալ էր անցել, սակայն կարճ ժամանակ անց դստեր վիճակը սկսել էր վատանալ, ճնշումն էր ընկել, իսկ բուժքույրն էլ խորհուրդ էր տվել սուրճ խմել եւ շոկոլադ ուտել։ Ծննդկանի վիճակը, տիկին Հասմիկի պատմելով, գնալով ավելի էր վատանում, որովայնը սկսել էր այրվել, իսկ ոչ ոք դրան ուշադրություն չէր դարձնում՝ բացառելով նույնիսկ տարբերակը, թե կարող է անոթ է վնասվել եւ արյունը որովայնի մեջ էր լցվում։

«Վիրահատությունից մոտ 6 ժամ անց հերթապահ բժիշկը ուլտրաձայնային հետազոտություն կատարեց եւ ասաց, որ ամեն ինչ կատարյալ է, արգանդը կրճատվում է: Ավելի ուշ նա խոստովանեց, որ մասնագետ չէ եւ այնքան էլ չի հասկանում սոնոգրաֆիայից: Հրավիրեցին սոնոգրաֆիայի մասնագետի՝ փորձառու տարեց կնոջ, որն էլ հետազոտելով ասաց, որ հնարավոր է ներքին արյունահոսություն է՝ նրա որովայնի մեջ արյուն էր կուտակվում: Ժամը 1։20-ին վիրահատարան տարան՝ ասելով, որ ընդամենը մազանոթներն են պայթել․․․ ժամը երեքին արդեն ասացին մեզ, որ գնանք արյուն բերելու»,- պատմել էր Տաթեւի մայրը։

Արդեն լուսադեմին ծննդկանին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն՝ այդպես էլ հարազատներին չբացատրելով, թե որն է եղել նրա վատանալու պատճառը։ Տեղափոխվելուց ժամեր անց 28-ամյա ծննդկանը մահացել է։

Տաթեւի Գասպարյանի հարազատները կատարվածում մեղադրում են «Սլավմեդի» բժիշկներին։

Նշենք, որ այս հիվանդանոցում այս տարվա ընթացքում երկու ծննդկան է մահացել։