ՌԴ Արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման օպերատիվ շտաբից հայտնել են, որ Սեւ ծովում  Տու–154 օդանավի վթարի նախնական պատճառը եղել է մարդկային գործոնի եւ տեխնիկական անսարքության համադրությունը։ Այս մասին «Ինտերֆաքս»–ին հայտնել են շտաբից։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նախնական տվյալներով «սեւ արկղերի» տվյալները վկայում են բարձրություն հավաքելիս օդանավի թեւերի մեխանիզմի սխալ աշխատանքի մասին։ «Միաժամանակ հիմքեր կան ենթադրել, որ թռիչքային անձնակազմը, կրիտիկական իրավիճակում մինչեւ վերջ չգնահատելով իրադրությունը, որոշումներ կայացնելիս սխալներ է թույլ տվել, ինչը համադրվելով կարող էր աղետի պատճառ դառնալ»,– ասել է աղբյուրը։

«Սեւ արկղերի» վերծանումը շարունակվում է։ Շտաբից հայտնել են, որ վերծանման առաջին պաշտոնական տվյալները կարող են հրապարակվել առաջիկա մեկ օրվա ընթացքում։