Իրաքում, առաջին հերթին Մոսուլում, ավելի քան 50 հազար երեխա է տուժել հակամարտության հետեւանքով։ Այս մասին հայտնել է Իրաքում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Համիդ Լասսեկոն։ Նրա խոսքով երեխաները չեն ստանում անհրաժեշտ հումանիտար օգնություն, չեն պատվաստվում, սովորելու հնարավորություն չունեն։ Բացի դրանից հրեշավոր վայրագությունների ականատես են դառնում։
«ՅՈՒՆԻՍԵՖ-ն արդեն ակտիվ համագործակցում է իր գործընկերների, մյուս ոչ առեւտրային կազմակերպությունների, Իրաքի կառավարության հետ, մենք ձգտում ենք երեխաներին տրամադրել ամենաանհրաժեշտը, այդ թվում ջուր, հիգիենայի պարագաներ, սննդամթերք, բուժօգնություն։ Մենք ձգտում ենք նրանց առավելագույն պաշտպանություն տրամադրել, երբ նրանց հաջողվում է վերջապես լքել հակամարտության գոտին։ Նաեւ անհրաժեշտ հոգեբանական օգնություն»։
Լասսեկոն շեշտել է, որ ձմռան պայմաններում Իրաքում երեխաների վիճակն ավելի է վատացել։ Նրա խոսքով ՅՈՒՆԻՍԵՖ-ը փորձում է բոլոր հնարավոր միջոցներով երեխաներին պաշտպանել ցրտից։





























