ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հանձնաժողովի դեմոկրատ եւ հանրապետական կոնգրեսականները կասկածում են, որ Ռուսաստանը կարող է Միացյալ Նահանգների դաշնակիցը դառնալ, ինչպես ենթադրում է երկրի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը:

Հանձնաժողովի նախագահ, հանրապետական Դեւին Նունյեսը «Fox News Sunday»-ի եթերում հայտարարել է, որ կցանկանար տեսնել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի բարեկամությունը, բայց չգիտի, արդյո՞ք դա հնարավոր է: Դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆն էլ CNN-ին ասել է, որ հրաշալի կլիներ, եթե Ռուսաստանը կարողանար ԱՄՆ-ի դաշնակիցը դառնալ, բայց «դա իրատեսական չէ, եւ մենք պետք է սթափ լինենք ռուսական մտադրությունների առումով»:

Նախօրեին Թրամփը «Twitter»-ում գրել էր, որ Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունները լավ են, ոչ թե վատ: «Աշխարհում բազմաթիվ խնդիրներ կան, դրանցից մի քանիսը կարելի է լուծել Ռուսաստանի հետ միասին: Երբ ես նախագահ դառնամ, Ռուսաստանն ԱՄՆ-ին կհարգի ավելի, քան այժմ»,- ընդգծել է նա: