Ճապոնիայի տարածքում THAAD հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համալիրների տեղակայման շուրջ հստակ ծրագիր չկա, բայց այդ համակարգերը դիտարկվում են որպես հնարավոր տարբերակ: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Տոմոմի Ինադան:
Ըստ ՏԱՍՍ-ի՝ Ինադան ԱՄՆ-ին պատկանող Գուամ կղզում ծանոթացել է այստեղ տեղակայված THAAD ՀՀՊ համակարգերի բնութագրերին:
THAAD-ը նախատեսված է թռիչքի վերջնական փուլի բարձր կետում գտնվող բալիստիկ հրթիռները բռնելու համար: Այս համակարգն ավելի մեծ հեռահարություն ունի, քան ներկայում Ճապոնիայի տրամադրության տակ առկա Patriot PAC-3-ը, որը ճապոնական ցամաքային հակահրթիռային պաշտպանության հիմքն է:
Բացի այդ՝ Տոկիոն նաեւ ՀՀՊ ռազմանավեր ունի, որոնք հագեցած են Aegis բազմաթիրախային ավտոմատացված համակարգով:





























