Երեւանի կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 18-ին, զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի եւ Արման Առաքելյանի գործով նիստին հարցաքննվեց վկա ՀՀ ոստիկանության ներքին զորքերի սպա Ռաֆայել Մնացականյանը:

Ոստիկանը պատմեց, որ 2016 թ. հուլիսի 20-ին Խորենացի փողոցում եղել է ծառայության. «Երեկոյան եղավ խուլիգանություն, մենք եղել ենք կանգնած, ժողովրդի կողմից նետվել են կոշտ իրեր: Դիմացի շարքում չեմ եղել, բայց լսել եմ հայհոյանքներ»,-ասաց նա:

Ռաֆայել Մնացականյանը նշեց, որ տվյալ օրը Երեւանի Խորենացի փողոցում ամբաստանյալներ Արարատ Խանդոյանին եւ Արման Առաքելյանին չի տեսել:

«Իմ անձնակազմից վիրավորվել է 11 անձ, բայց կոնկրետ ո՞ւմ կողմից, չեմ կարող ասել»,-ասաց վկան:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արարատ Խանդոյանը եւ Արման Առաքելյանը հուլիսի 20-ին Երեւանում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, քաշքշել եւ փորձել է խլել ոստիկանության ծառայողի վահանը:

Արարատ Խանդոյանին եւ Արման Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Երկուսն էլ կալանքի տակ են: