Դատելով վերջերս հրապարակված նախնական տվյալներից, անցած տարվա տնտեսական արդյունքները միանշանակ չեն։ Եվ այսպես Հայաստանի արդյունաբերության արտադրանքի ֆիզիկական ծավալը աճել է տարեկան կտրվածքով 6․7 տոկոսով, իսկ ահա գյուղատնտեսության համախառն արդյունքը կրճատվել է ՝ 5․2 տոկոսով։ Շինարարության մեջ ուժեղացնել են վերջին տարիների բացասական միտումները, անկումը հասել է երկնիշ թվերի՝ 10․8 տոկոսի։
Առեւտրի շրջանառությունը աճել է 1․0 տոկոսով, իսկ ծառայություններինը՝ նկատելիորեն շատ՝ 7․1 տոկոսով։ «Առեւտրի շրջանառություն» հասկացությունը մանրածախ ապրանքաշրջանառությունից բացի ՝ ներառում է նաեւ մեծածախ վաճառքը եւ մարդատար մեքենաների վաճառքը։ Օպերատիվ տվյալներում այդ ցուցանիշները առանձին չեն ներկայացվում։ Իսկ այդ նույն հունվար-նոյեմբեր ամիսներին մանրածախ ապրանքաշրջանառության ծավալը կրճատվել է 2․9 տոկոսով։ Այնպես որ «առեւտրաշրջանառության» աճը ապահովում են մարդատար մեքենաների մեծածախ ու մանրածախ վաճառքը (այդ թվում վերանորոգումից ստացված եկամուտը)։ Ծառայությունների դինամիկայում դրական միտումը զգալիորեն ապահովված է «մշակույթ, ժամանց ու հանգիստ» խմբով, նաեւ տրանսպորտով ( բեռնատար փոխադրումների հաշվին)։
Հետաքրքրական է, որ ռուսաստանյան վիճակագրությունը հրապարակում է ավելի մանրակրկիտ տեղեկություններ, չնայած դրա ընդգրկած տնտեսության ծավալն էլ անհամաչափ մեծ է, քան Հայաստանինը։ Ըստ այդ տվյալների, Ռուսաստանում նկատվել են որոշակի դրական տեղաշարժեր։ Եվ այսպես արդյունաբերական արտադրության գործակիցը անցած տարի կազմել է 101․1 տոկոս, անցած տարվա 96․6 տոկոսի համեմատ։ Աճ է գրանցվել նաեւ գյուղատնտեսության արտադրանքում՝ 4․8 տոկոսով ( անցած տարի 2․6 տոկոսով)։
Հայտնի է, որ Ռուսաստանում մեր աշխատանքային միգրանտների զգալի մասը զբաղված է շինարարությամբ, նաեւ առեւտրով։ Ռուսաստանում անցած տարի շինարարության ֆիզիկական ծավալը կրճատվել է 4․3 տոկոսով, այդ թվում բնակարանների մասով՝ 1․1 տոկոսով։ Այսիսնքն այստեղ գործերը վատացել են։ Առեւտրի ոլորտում պատկերը մի փոքր այլ է։
Չնայած մանրածախ ապրանքաշրջանառության ֆիզիկական ծավալը տարեկան կտրվածքով կրճատվել է 5․2 տոկոսով, բայց ընթացիկ գներվ այն աճել է գրեթե 2․2 տոկոսով։ Այսինքն առեւտրի ոլորտում եկամուտները չեն կրճատվել, ինչպես Հայաստանում, այլ հակառակը՝ աճել են։
Մեր երկրում մանրածախ ապրանքաշրջանառության ծավալի կրճատման (թե համադրելի, թե ընթացիկ գներով) պատճառը ուղղակիորեն կապակցված են բնակչության եկամուտների խնդիրների հետ։ Ընդ որում գնանկման ֆոնին, որը անցած տարի հասել է 1․4 տոկոսի։ Իսկ Ռուսաստանում առեւտրի ոլորտի անկման հիմնական պատճառները հենց աճող գներն են։ Բնակչության մեկ շնչին բաժին հասնող անվանական եկամուտների որոշակի աճը «կուլ է գնացել» գերազանցող գնաճին։ Արդյունքում ռուսաստանցիների իրական եկամուտները կրճատվել են 5․9 տոկոսով, ինչն անդրադարձել է ապրանքնեի առեւտրի վրա։
Ստորեւ ներկայացված գրաֆիկներում ցուցադրված է Հայաստանի արդյունաբերության ու գյուղատնտեսության արտադրանքի ծավալի դինամիկան, ընթացիկ գներով, 2015-2016 ամիսներով։ Սեպտեմբեր- հոկտեմբեր ամիսներին գյուղատնտեսության համախառն արտադրանքի անկումը պայմանավորված է եղանակային անբարենպաստ պայմաններով, որոնք զգալի վնաս են հասցրել բուսագործությանը։


Սմբատ Գրիգորյան





























