Երեւանի կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 26-ին, զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի եւ Արման Առաքելյանի գործով նիստին հարցաքննվեց գործով վկա ոստիկան Վահան Հովհաննիսյանը: Նա նշեց, որ գործով ամբաստանյալներին 2016թ. հուլիսի 20-ին Խորենացի փողոցում չի տեսել եւ այսօր դատարնում նրանց առաջին անգամ է տեսնում:

«Հուլիսի 20-ին Խորենացի փողոցում էինք, տեղի ունեցան անկարգություններ ամբոխի կողմից, մենք կանգնած ենք եղել, հարձակվել են մեր վրա, նրանց զգուշացրել էին, որ անօրինական են նրանց գործողությունները, բայց մեր շղթայի վրա հարձակվեցին, հարվածեցին շշերով, քարերով, փորձում էին ոստիկանական շղթան ճեղքել: Մենք թույլ չենք տվել, որ ոստիկանական շղթան ճեղքեն, բայց մոտավորապես 22:00-ի սահմանում կատարվել են անկարգություններ, ես մարմնական վնասվածքներ չեմ ստացել, բայց ծառայակիցներիցս 4-5 հոգի ստացել են: Ամբոխի նետած քարերը կպել են ձեռքերին, պռոշներին, մեկի դեմքին, ոտքին»,-ասաց նա:

Ամբաստանյալների շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանի ճշտող հարցին՝ ինչ է հասկանում վկան ամբոխ ասելով, Վահան Հովհաննիսյանը պատասխանեց. «Ամբոխը ժողովրդի անկառավարելի խումբ է»: Ոստիկանի այս պատախանն առաջացրեց դատական նիստի մասնակիցների ծիծաղը, իսկ ամբաստանյալ Արարտ Խանդոյանն չդիմացավ եւ ծափահարեց:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արարատ Խանդոյանը եւ Արման Առաքելյանը հուլիսի 20-ին Երեւանում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, քաշքշել եւ փորձել է խլել ոստիկանության ծառայողի վահանը:

Արարատ Խանդոյանին եւ Արման Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Երկուսն էլ կալանքի տակ են: