Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանին տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կոտրված ապակիներով խուց: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանը` նշելով, որ այդ մասին ահազանգել է Արարատ Խանդոյանը:

Արա Ղարագյոզյանն արդեն դիմել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին եւ ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանին՝ պահանջելով կատարել ծառայողական քննություն՝ պարզելու, թե ինչ հիմքով է իր պաշտպանյալը պահվում անմխիթար պայմաններ ունեցող պատժախցում:

Նա նշել է, որ նոր խցում իրեն չեն տրամադրել առաջին անհրաժեշտության պարագաներ, բացի այդ այնտեղ չկան սանիտարահիգիենիկ պարագաներ:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արարատ Խանդոյանը եւ Արման Առաքելյանը հուլիսի 20-ին Երեւանում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, քաշքշել եւ փորձել է խլել ոստիկանության ծառայողի վահանը:

Արարատ Խանդոյանին եւ Արման Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Երկուսն էլ կալանքի տակ են: