Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանին կոտրված ապակիներով խուց տեղափոխելու վերաբերյալ նրա շահերի պաշտպանի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Նա նշեց, որ Արարատ Խանդոյանին տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի այլ խուց, քանի որ նա խախտել է ՔԿՀ-ի ներքին կանոնակարգը՝ նրա մոտից հայտնաբերվել է արգելված իր:

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Արարտ Խանդոյանի շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանը ասել էր, որ իր պաշտպանյալին տեղափոխել են խուց, որի ապակիները կոտրված են, չկան առաջին անհրաժեշտության իրեր:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արարատ Խանդոյանը եւ Արման Առաքելյանը հուլիսի 20-ին Երեւանում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, քաշքշել եւ փորձել է խլել ոստիկանության ծառայողի վահանը:

Արարատ Խանդոյանին եւ Արման Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Երկուսն էլ կալանքի տակ են: