ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Պաշտպանի հանձնարարությամբ այսօր՝ հունվարի 27-ին, այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, հանդիպել այնտեղ պահվող կալանավորված անձ Արարատ Խանդոյանին` նրա շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանի բանավոր բողոքի հիման վրա: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՄԻՊ մամուլի ծառայությունից:

 Առանձնազրույցի  ընթացքում պարզվել է, որ Արարատ Խանդոյանը 2017 թվականի հունվարի 26-ին մեկուսացվել եւ տեղափոխվել է պատժախուց: 2017 թվականի հունվարի 27-ին կայացված որոշմամբ Արարատ Խանդոյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ:

Արարատ Խանդոյանի հետ առանձնազրույցից եւ պատժախցի պայմանների ուսումնասիրությունից պարզվել է, որ պատժախցի պայմանները բավարար չեն՝ այդ թվում բացակայում է պատուհանի ապակու մի հատվածը, որը փակված է ստվարաթղթով:

Արարատ Խանդոյանի եւ նրա պաշտպանի բողոքների, ինչպես նաեւ այցի արդյունքների հիման վրա արդեն իսկ բարձրացվել է Արարատ Խանդոյանի պատժախուցը փոխելու հարցը:

Պաշտպանի կողմից նախաձեռնվել է նաեւ քննարկման գրավոր ընթացակարգ եւ պարզաբանումներ կպահանջվեն ՀՀ արդարադատության նախարարությունից:

Ավելի վաղ ՔԿՎ-ից NEWS.am-ին տեղեկացրել էին, որ Արարատ Խանդոյանի խցի ապակին կոտրված է եւ նրա հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: