Ապօրինի զենք կրելու մեջ մեղադրվող, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արմեն Միքայելյանի ընտանիքի անդամները որպես վկաներ ցուցմունք կտան դատարանում: Այսօր` հունվարի 30-ին, դատական նիստի ընթացքում դատավորը բավարարեց ամբաաստանյալի պաշտպան Երվանդ Վարոսյանի միջնորդությունը նրա հորը, քրոջն ու կնոջն այս գործով վկաներ  կանչելու վերաբերյալ:

«Հենց նրանց մոտ են ոստիկանները բերման ենթարկել ամբաստանյալին, այդ պատճառով էլ շատ կարեւոր է նրանց վկայությունը: Նշված անձանց ցուցմունքները կարող են լուրջ նշանակություն ունենալ գործի մանրամասները պարզելու համար»,- ասաց Արմեն Միքայելյանի պաշտպանը:

Դատախազն առարկեց միջնորդությունը` պատճառաբանելով, որ նրանք ներկա են եղել միայն Արմեն Միքայելյանին բերման ենթարկելու պրոցեսին եւ կապ չունեն անձնական խուզարկության ժամանակ զենքի հայտնաբերման հետ:

Պաշտպանը հակադարձեց դատախազին, ասելով, որ մեղադրանքը վերաբերում է զենքը պահելուն եւ կրելուն եւ այդ պատճառով էլ մեղադրվողի քույրը, հայրը եւ կինը կարող են կարեւոր վկաներ դառնալ:

Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց փետրվարի 2-ին:

Հիշեցնենք, որ Արմեն Միքայելյանը ձերբակալվել էր հուլիսի 27-ին, երբ Երեւանի Խորենացի փողոցում ցույցից հետո ընտանիքով վերադառնալիս էր եղել տուն:  Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 235 հոդվածով (ապօրինի զենք, զինամթերք պահել):

20 օր անազատության մեջ մնալուց հետո Արմեն Միքայելյանն ազատ էր արձակվել: