Գերմանական KfW բանկը Հայաստանին 20 մլն եվրոյի վարկ կտրամադրի Բնակարանային ֆինանսավորման 4-րդ ծրագրի շրջանակներում: Միջոցները կտրամադրվեն բանկերին եւ վարկային կազմակերպություններին, որոնք կվարկավորեն սպառողներին: Ծրագիրը 10 տարի ժամկետով է, սակայն ծրագրի որոշ մասնակիցներ պատրաստ են վարկեր տրամադրել մինչեւ 29 տարի ժամկետով:
Հայաստանի բնակիչներն այդ վարկերով կկարողանան տան էներգաարդյունավետ վերանորոգում (ջերմամեկուսացում, արեւային թիթեղներ եւ ջրատաքացուցիչներ, տնտեսող ջեռուցում) կատարել, ինչպես նաեւ գնել էներգաարդյունավետ բնակարաններ եւ տներ, կամ կառուցել սեփական մասնավոր տներ: Քաղաքացիների վարկավորումը կսկսվի արդեն փետրվարին:
Ծրագրին 8 հաստատություն է մասնակցում՝ 5 բանկեր (ACBA, «Կոնվերսբանկ», «Հայբիզնեսբանկ», «Ինեկոբանկ» եւ «Արդշինբանկ») եւ վարկային 3 կազմակերպություններ՝ «Առաջին հիփոթեքային ընկերություն», «Գլոբալ կրեդիտ» եւ «Կամուրջ»:
KfW-ի միջոցները կփոխանցվեն Ազգային հիփոթեքային ընկերությանը, որը կիրականացնի քաղաքացիների վերջնական վարկերի վերաֆինանսավորումը: Ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը լրագրողներին ասաց, որ գյուղաբնակներին կառաջարկվեն առավելագույն շահավետ պայմաններ՝ վարկային վճարումները կպայմանավորվեն սեզոնային եկամուտով: Դրանից զատ, իրենց համար տներ կառուցել ցանկացողների համար շրջաններում տոկոսադրույքը 1 տոկոսով պակաս կլինի, իսկ մինչեւ 2 մլն դրամի սահմաններում շինարարության համար գրավադրում չի պահանջվի:




























