Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի գործով որպես վկա դատարան կկանչվի ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է նրա պաշտպան Արա Ղարագյոզյանը։

Նրա խոսքով՝  Նիկոլ Փաշինյանն իր պատրաստակամությունը հայտնել է՝ ներկայանալ դատարան եւ վկայություն տալ։

«Երբ ավարտվի ապացույցների հետազոտումը, մենք միջնորդություն  կներկայացնենք, որ Նիկոլ Փաշինյանը ու մի քանի այլ վկաներ նույնպես վկայություն տան։ Նիկոլ Փաշինյանը վկայություն տալու պատրաստակամություն արդեն հայտնել է։ Արարատ Խանդոյանը արդեն 7 ամիս է, որ կալանավորված է, ու նա առողջական լուրջ խնդիրներ ունի»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ գործը մինչեւ հիմա չի լուծվել, քանի որ դատավորը քաղաքական պատվեր կատարող է։

Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանի դեմ նոյեմբերի 23–ին կիրառվել է կարգապահական տույժ  եւ  նրան 5 օրով տեղափոխել են պատժախուց։ Նրա շահերի պաշտպան Արա Ղարագյողյանի հունվարի 27-ին բանավոր բողոք էր ներկայացրել, որ պատժախցի ապակիները կոտրված են։ ՀՀ ՄԻՊ-ի ներկայացուցիչները նույնպես այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ եւ արձանագրել, որ խցի ապակին կոտրված է եւ ծածկված է ստվարաթղթով։

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Արարատ Խանդոյանը հուլիսի 20-ին Երեւանում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, քաշքշել եւ փորձել է խլել ոստիկանության ծառայողի վահանը։

Արարատ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել 225-րդ հոդվածի 2-րդ մասով: