«Հաց բերող» Արթուր Սարգսյանն իրեն նվիրաբերած ամբողջ գումարը կփոխանցի Արմեն Լամբարյանի ընտանիքին: Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, NEWS.am-ը տեղեկանում է նրա տարածած հայտարարությունից:
«Իմ սիրելի Ամերիկաբնակ հարազատներ, թույլ տվեք իմ, ինչպես նաեւ «Սասնա Ծռեր»-ի ընտանիքների անդամների անունից խորին անսահման շնորհակալությունն հայտնել Ձեզ թե’ ֆինանսապես եւ թե’ գաղափարապես մեր կողքին լինելու համար: Տեղեկացնեմ նաեւ, որ իմ` Արթուր Սարգսյան (հաց բերող) անունին փոխանցվող գումարը ցանկացել եմ բաշխել հավասարապես բոլոր «Սասնա Ծռեր»-ի ընտանիքների անդամներին: Բայց հաշվի առնելով, որ բաժանված գումարը էապես որեւիցե ազդեցություն չի կարող ունենալ, խնդրում եմ այդ գումարը ամբողջությամբ փոխանցել ավելի կարիքավոր ընտանիքներից մեկին` Արմեն Լամբարյանին»,-ասված է նրա հայտարարությունում:



























