«Մուսալեռ» հյուրանոցային համալիրում անցած տարվա հունվարի 6-ին սպանված Արամ Կարապետյանի մայրը բաց նամակով դիմել է Հանրապետության նախագահին, վարչապետին եւ դատախազին:
21-ամյա Արամի մոր` Նաիրա Մարգարյանի բաց նամակում մասնավորապես ասվում է. «2016 թ. հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը Արմավիրի մարզի «Մուսալեռ» ռեստորանային համալիրում տեղի ունեցած հանցագործության հետեւանքով որեւէ կերպ կապ չունենալով, թե հանցագործություն կատարած անձանց, թե նրանց միջեւ տեղի ունեցած վեճի հետ, հրազենային վնասվածքից մահացել է որդիս՝ Արամ Տիգրանի Կարապետյանը:
Նշեմ, որ որդիս դեպքի վայր էր գնացել «Մուսալեռ» ռեստորանային համալիրի աշխատակից Սմբատ Խլղաթյանի հեռախոսազանգի կանչով: 21-ամյա որդիս, ավարտելով միջնակարգ դպրոցը, անմիջապես զինակոչվել է բանակ: Արժանապատվորեն եւ խիզախորեն կատարելով իր պարտքը հայրենիքի առաջ` զորացրվելուց հետո աշխատանքի է անցնում Զվարթնոց գյուղի գազալցակայանում` որպես մեքենավար:
Լինելով ազնիվ, բարեխիղճ եւ պարտաճանաչ անձնավորություն, որդիս սեր եւ հարգանք էր վայելում աշխատանքային կոլեկտիվի, ընկերական շրջապատի եւ առհասարակ հասարակության կողմից: Որդիս փորձում էր սեփական ուժերով կառուցել իր վաղվա օրը, իր ապագան: Որդիս ուներ բազում երազանքներ, նպատակներ, որոնք ի չիքս դարձան որոշ հանցավոր տարրերի ստոր եւ խուլիգանական արարքների եւ քմահաճույքների հետեւանքով: 2016թ. հունվարի 6-ից Արմավիր մարզի Վաղարշապատի քննչական բաժնի կողմից հարուցվել է քրեական գործ, իբր թե կատարվում է նախաքննություն:
Շուրջ մեկ տարի է` քննչական մարմինը եւ դատախազությունը միայն փափուկ բարձ գլխներիս տակ դնելով միահամուռ ուժերով ձեռնամուխ են եղել հանցագործությունը կատարած անձանց արարքները կոծկելու, մեղմացնելու ուղղությամբ: Հանցագործություն կատարած անձանցից Արմեն Հենրիկի Պառավյանի եւ Խորեն Գալուստի Խաչիկյանի մասով արարքները որակվել են անհամեմատ մեղմելով (ՔՕ 259-րդ մասի 4-րդ կետով, 258-րդ մաս 3-րդ կետով եւ 258-րդ մասի 1-ին կետով): Մյուս երկուսի՝ Դավիթ Հասրաթյանի եւ Գառնիկ Վարդանյանի մասով ընդհանրապես հասկանալի չէ, թե ինչպես են նրանք մեղադրյալի կարգավիճակ ունենալով գտնվում ՀՀ-ից դուրս: Իսկ բուն սպանություն կատարած անձինք` Արթուր Ռաֆիկի Բաբայանը եւ նրանց հանցակից Սարգիս Թովմասյանը մինչ օրս չեն հայտնաբերվել եւ չեն ներկայացել քննության:
Մեզ հայտնի տվյալներով՝ վերջիններս գտնվում են Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում: Այդ մասին նախկինում դիմումով հայտնել ենք համապատասխան մարմիններին, սակայն գործնական որեւէ քայլ չի ձեռնարկվել: Քրեական գործի անջատված մասով ավելի մեղմ մեղադրանքներ են առաջադրվել Արմեն Պապիկյանին եւ Խորեն Խաչիկյանին, որի արդյունքում, թե նրանք, թե իրենց պաշտպանները չեն բարեհաճում ներկայանալ դատական նիստերին, ինչի հետեւանքով անհարկի ձգձգվում է դատաքննությունը եւ նիստերը հետաձգվում են: Ցավալին այն է, որ նիստը նախագահող դատավորը որեւէ միջոց չի ձեռնարկում ամբաստանյալների եւ նրանց պաշտպանների ներկայությունը դատական նիստերին ապահովելու համար, արդար դատաքննություն իրականացնելու ուղղոււթյամբ:
Անվեհապահորեն վստահ լինելով ձեր օբյեկտիվությանը, արդարասիրությանը` խնդրում եմ ձեր անմիջական, օրինական եւ օբյեկտիվ միջամտությունը սույն գործով առաջացած անօրինությունների լուծման հարցում: Ես գիտակցում եմ, որ որդուս ետ չեմ բերի, բայց գոնե խնդրում եմ ձեր օգնությունը, որ հանցագործություն կատարած յուրաքանչյուր անձ եւ նրանց հովանավորները ենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվությանը»:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2016թ. հունվարի 6-ին Արմավիրի մարզի «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ առերեւույթ հանցագործություն կատարած անձը երկու եւ ավելի անձանց ապօրինի կերպով կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող հրազենով դիտավորությամբ կրակել է Տարոնիկ գյուղի բնակիչներ Արամ Կարապետյանի եւ Արմեն Խլղաթյանի ուղղությամբ: Ստացած հրազենային վնասվածքից Արամ Կարապետյանը մահացել է, իսկ Արմեն Խլղաթյանը՝ հրազենային վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 4 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որոնցից 2-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Մասնավորապես՝ ապացույցների համակցությամբ՝ քննիչը որոշում է կայացրել Ս.Թովմասյանին որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն՝ մի խումբ անձանց կողմից), իսկ Ա.Բաբայանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն՝ մի խումբ անձանց կողմից), 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով (սպանություն՝ խուլիգանական դրդումներով), 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 10-րդ կետերով (խուլիգանական դրդումներով երկու կամ ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը, կրելը)։ Վերջիններիս նկատմամբ հայտարավել է հետախուզում:
Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ նշված համալիրում տեղի ունեցած միջադեպին մասնակցություն են ունեցել նաեւ Էջմիածին քաղաքի բնակիչներ Ա.Պառավյանը եւ Խ. Խաչիկյանը։ Ա. Պառավյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից), իսկ Խ.Խաչիկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն):
Նշված երկու մեղադրյալների մասով քրեական գործն անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Մեղադրյալներ Ս.Թովմասյանի եւ Ա.Բաբայանի մասով նախաքննությունը շարունակվում է։ Հանձնարարություն է տրվել իրավասու մարմիններին՝ ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ հետախուզվողներին հայտնաբերելու եւ վարույթն իրականանող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:




























