Արագածոտնի մարզի Թլիկ սահմանամերձ գյուղի ջրամատակարարման հարցը լուծվում է, սակայն վերջնական որոշումը դեռ հեռու է։

Գյուղն արդեն մի քանի շաբաթ զրկված է ջրից պոմպի փչանալու պատճառով։ Նախօրեին «Սինջար» եզդիական ՀԿ ղեկավար Բորիս Մուրազին լրատվամիջոցներին հայտնել էր, որ գյուղացիներն իրենց միջոցներով նոր սարք են գնել, բայց տարածք մուտք գործելու անցագիր է պետք, քանի որ գյուղը սահմանամերձ է։

NEWS.am–ի հետ զրույցում Բորիս Մուրազին ասաց, որ անցագրի հարցը լուծված է, ջրամատակարարումը վերականգնվում է։ «Բայց խնդիրն ավելի խորն է։ Բանն այն է, որ պոմպը ջուր է մղում գետից, եւ հասկանալի պատճառներով ջուրը հիմնականում օգտագործում են տեխնիկական նպատակներով»,– նշեց Մուրազին։ Նրա խոսքով՝ դեռեւս խորհրդային տարիներին կառուցված ջրատարի մի մասը անհայտ քանդել են։ «Մենք այդ մասին հայտնել ենք մամուլին։ Իրավապահները հրապարակումների հիման վրա պետք է փնտրեն մեղավորներին։ Դա տեղի չի ունեցել»,– ասաց Մուրազին։

Նշենք, որ գյուղում 18 ընտանիք է ապրում։